Կոռուպցիան առողջապահության ոլորտում շարունակվում է. դեղագործների միության նախագահ

13:13   9 նոյեմբերի, 2018

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանին կոչ են արել, վերջապես, ուշադրություն դարձնել տեղական դեղամիջոցներ արտադրողների խնդիրների վրա:

Նեյեմբերի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի Դեղագործների եւ դեղեր ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը նշեց, որ մինչեւ հիմա անլուծելի է մնում տեղական արտադրողների համար դեղերի կրկնակի գրանցման արժեքը 900 հազար դրամից մինչեւ 250 հազար դրամ նվազեցնելու հարցը:

Նա հայտնեց, որ նախկինում, չնայած համանման վճարումներին, պետությունը դեղամիջոցներ արտադրող տեղական ընկերություններին 750 հազար դրամի սուբսիդիա էր հատկացնում: Այս սուբսիդավորումը չեղարկվել է 2 տարի առաջ:

«Դրանից հետո մենք բազմիցս Առողջապահության նախարարության  հետ քննարկումներ ենք անցկացրել: Արդյունքում մեզ հաջողվել էր հասնել նրան, որ դեղերի կրկնակի գրանցման արժեքը 900 հազար դրամից մինչեւ 250 հազար դրամ նվազեցնելու մասին համապատասխան փաստաթուղթ էր պատրաստվել: Այդ ժամանակ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը մեզ խոստացել էր կարճ ժամանակում փաստաթղթին հավանություն տալ, սակայն գարնանը Հայաստանում կառավարության փոփոխություն եղավ, եւ այս հարցն այդպես էլ չլուծված մնաց»,- ասաց Զաքարյանը:

Նա նշեց, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպելու տեղական դեղարտադրողների փորձերը այդպես էլ ապարդյուն են եղել:

«Ժամանակը գնում է, մենք շարունակում ենք մեկ թղթի կտորի համար 900 հազար դրամ վճարել: Մոտ 50 դեղերի անվանումների վերագրանցման համար արդեն գրեթե 50 մլն դրամ է վճարվել: Միթե սա կոռուպցիա՞ չէ՝ շարունակել տեղական արտադրողներից 900 հազար դրամ գանձել եւ ոչ մի կերպ չլուծել այս հարցը», - ընդգծեց Զաքարյանը:



© NEWS.am Medicine