Նոր նյութը կդյուրացնի ուղեղից քաղցկեղային ուռուցքների հեռացումը

22:35   9 նոյեմբերի, 2018

University of Bristol-ի գիտնականները մշակել են լուսարձակող քիմիական նյութ, որի օգնությամբ կարելի է լուսավորել գլխուղեղի քաղցկեղի բջիջները: Այս նյութի օգնությամբ քաղցկեղային ուռուցքների հեռացման վիրահատությունները կարելի է ավելի դյուրին եւ անվտանգ դարձնել:

Նյութի հիմքում դրված է 5-ամինոլեւուլինաթթուն (5-ALA), որը հիվանդը կարող է ընդունել լուծույթի ձեւով: Նյութը կուտակվում է միայն քաղցկեղային բջիջներում՝ դրանք ուլտրամանուշակագույն լույսի տակ տեսանելի դարձնելով:

Հետազոտությունների ժամանակ այս նյութի շնորհիվ քաղցկեղային ուռուցքները հեշտ է հայտնաբերել, բացի այդ՝ բջիջների լուսավորումը վիրաբույժներին թույլ է տալիս նորագոյացությունն ավելի ճշգրիտ հեռացնել՝ բաց չթողնելով դրա անգամ ամենափոքր մասերը:

Նյութն արդեն սկսել են թեստավորել. փորձարկմանը մասնակցել է գլիոմայով 99 մարդ, որոնց ուռուցքի հեռացման վիրահատությունից առաջ տվել են 5-ALA-ի լուծույթ: Պատրաստուկն ընդունելուց հետո հիվանդների գրեթե 90 տոկոսի մոտ ուռուցքը սկսել է լուսավորվել, ինչը վիրահատության ժամանակ բժիշկների աշխատանքը դյուրացրել եւ արագացրել է:

Գիտնականները ներկայումս պատրաստվում են այս նյութը քաղցկեղի այլ տեսակների վրա փորձարկելուն:



© NEWS.am Medicine