Մարզված տղամարդիկ իրենց գեր են համարում եւ դեպրեսիայի մեջ ընկնում

21:20   9 նոյեմբերի, 2018

Մարզված տղամարդիկ նույնպես համարժեք կերպով չեն գնահատում իրենց արտաքինը եւ դեպրեսիայի մեջ են ընկնում՝ իրենց գեր համարելով: Նման եզրահանգման են եկել Նորվեգիայի գիտության եւ տեխնիկայի (NTNU) եւ Հարվարդի համալսարանի գիտնականները:

Հետազոտության մեջ ներգրավված է եղել ԱՄՆ-ից 18-ից մինչեւ 32 տարեկան 2400 տղամարդ: Մասնավորապես գնահատվել է տղամարդկանց ակտիվությունը, ինչպես նաեւ նրանց կողմից սեփական մարմնի ընկալումը: Մասնակիցները պետք է պատասխանեին հետեւյալ հարցերին՝ կցանկանայի՞ն ավելի մկանուտ մարմին ունենալ եւ արդյոք իրենց մեղավո՞ր են զգում, եթե բաց են թողնում մարզումները:

Պարզվել է, որ տղամարդկանց մոտ 10 տոկոսը տառապում է կազմվածքի խանգարումից: Դա իր հերթին մեծացնում էր ալկոհոլ օգտագործելու հակվածությունը, ստիպում էր դիետայի հետեւել եւ անաբոլիկ ստերոիդներ օգտագործել:

«Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ պրոֆեսիոնալ մարզիկների մարմինները, ինչպիսիք են Քրիշտիանու Ռոնալդուն, դառնում են իդեալ սովորական երիտասարդ տղամարդկանց համար, ովքեր ընտանիք, աշխատանք եւ ուսում ունեն»,- նշում են գիտնականները:

Ստացվում է, որ տղամարդկանց որոշակի տոկոսը մարզվում է ոչ թե առողջ կենսակերպ վարելու ցանկությունից, այլ մկանուտ մարմին ունենալու եւ կատարյալ կազմվածքի մասին պատկերացումներին համապատասխանելու համար:

Այդ կապակցությամբ փորձագետները ծնողներին խորհուրդ են տալիս ուշադիր հետեւել, թե ինչպես են իրենց երեխաները սնվում՝ չե՞ն փորձում արդյոք իրենց սահմանափակել սննդում, արդյոք պրոտեինով կոկտեյլներ չե՞ն խմում:



© NEWS.am Medicine