Հայտնի է մկանների նոր հիվանդությունը՝ միոգլոբինոպատիան

12:25   31 մարտի, 2019

Իսպանիայից, Ավստրալիայից եւ Շվեդիայից մի խումբ գիտնականներ նկարագրել են նոր հիվանդությունը՝ միոգլոբինոպատիա: Դրա առաջացման պատճառները թաքնված են միոգլոբինի գենի մուտացիայում, որը պատասխանատու է մկանային սպիտակուցների կառուցվածքի համար:

Հիվանդությունը, որպես կանոն, սպառնում է 30-ից 50 տարեկան մարդկանց: Այն արտահայտվում է իրանի, պարանոցի, ձեռքերի եւ ոտքերի մկանների աստիճանաբար ավելացող թուլությամբ:

Այս հիվանդությունն ախտորոշվել է մկանային հյուսվածքի բիոպսիայի միջոցով: Մասնագետների զեկույցում ասվում է. «Մուտացիան միաժամանակ հայտնաբերվել է միմյանց հետ ազգակցական կապ չունեցող վեց ընտանիքների անդամների մոտ: Նրանք բոլորն ունեին միանման ախտանշաններ եւ հիվանդությանը բնորոշ վնասվածքներ՝ այսպես կոչված սարկոպլազմիկ մարմինների առկայություն (բջիջներում նորագոյացություններ)»:

Միոգլոբինը կարեւոր սպիտակուց է, որը մկաններին հաղորդում է կարմիր երանգ եւ հագեցնում է մկանային հյուսվածքը թթվածնով: Միոգլոբինը պաշտպանում է բջիջները նաեւ օքսիդացման սթրեսից:



© NEWS.am Medicine