D վիտամինի ավելցուկը նույնպես վտանգավոր է, ինչպես դրա պակասը

09:42   10 ապրիլի, 2019

D վիտամինի պակասը, իհարկե, վտանգավոր է, սակայն պակաս վտանգավոր չէ այս վիտամինի ավելցուկը: Այս մասին հայտնում է CMAJ ամսագիրը:

Տորոնտոյի համալսարանից բժիշկ Բորն Օգյուստը պնդում է, որ չափազանց հազվադեպ է տեղի ունենում D վիտամինով թունավորում, սակայն չարժի մոռանալ, որ այսօր դրա հիմքով զանազան դեղամիջոցներն ազատ վաճառվում են ցանկացած դեղատանը եւ խանութում, եւ որ դրանք կարող են սպառնալիք ներկայացնել անտեղյակ մարդկանց առողջությանը:

Որպես օրինակ է բերվում մի կանադացու դեպքը, որը բժիշկներին էր դիմել երիկամների խնդիրներով: Ստանդարտ հետազոտությամբ, ներառյալ մեզի անալիզով շեղումներ չեն հայտնաբերվել: Բժիշկները, սակայն, պացիենտի արյան մեջ հայտնաբերել են կալցիումի եւ պարատիրինի, արյան մեջ դրա դուրսբերմանը նպաստող հորմոնի անոմալ բարձր պարունակություն: Նման բան տեղի է ունենում մեծ քանակությամբ D վիտամին ընդունելու դեպքում, քանի որ այն նպաստում է սնունդից ֆոսֆորի եւ կալցիումի ներծծմանը:

Պարզվել է, որ տղամարդն իսկապես վերջին 3 տարում D վիտամինի ահռելի չափաքանակներ է ընդունել, չնայած այս վիտամինի մակարդակը նրա օրգանիզմում ցածր չէր: Իրավիճակը սրվել է Հարավարեւելյան Ասիա ուղեւորությունից հետո, որտեղ տղամարդը շատ ժամանակ է անցկացրել արեւի տակ (հենց արեգակի ճառագայթների ազդեցությամբ է օրգանիզմում D վիտամին առաջանում):

Տղամարդուն կալցիումի նվազագույն պարունակությամբ սննդակարգ եւ հիդրոկսիքլորոխին են նշանակել, որը նպաստում է D վիտամինի ապաակտիվացմանը եւ այն օրգանիզմից դուրս բերելուն: Սակայն չի հաջողվել երիկամների ֆունկցիան ամբողջությամբ վերականգնել. հիմա տղամարդը տառապում է քրոնիկական հիվանդությամբ:



© NEWS.am Medicine