ԱՄՆում կարտադրվի գրիպի դեմ նոր` բջջային հիմքով պատվաստանյութ

14:16   19 հունիսի, 2014

Թեկուզ եւ բջջային տեխնոլոգիայով ստացված պատվաստանյութը դեռեւս երկու տարի առաջ է կիրառություն գտել Միացյալ Նահանգներում, նոր արտադրությունը սեզոնային գրիպի դեմ օգտագործվող պատվաստանյութի ծավալները առնվազն 50 մլն դոզայով ավելացնելու հնարավորություն կընձեռի, գրում է Medical Daily-ն:

Գրիպի դեմ բջջային հիմքով պատրաստված պատվաստանյութերը ավանդական` ձվային հիմքով գործընթացներին են փոխարինելու եկել, քանի որ հավի ձվի փոխարեն կաթնասունների բջիջներում են աճեցվում եւ առավել բարձր ճկունությամբ են աչքի ընկնում:  Նոր գործընթացը պատվաստանյութի առավել արագ արտադրություն է ապահովում, քանի որ բջիջները նախօրոք պատրաստվում եւ սառեցվում են` համաճարակի դեպքում կիրառման համար:

Flucelvax պատվաստանյութի` 2012թ.-ին մեկնարկած արտադրությամբ, ի տարբերություն բազմաթիվ եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների տարածքում առաջին անգամ հիշյալ տեխնոլոգիայով ստացված պատվաստանյութի փորձարկում իրականացվեց:

Բջջային տեխնոլոգիան, շատերի գնահատմամբ, վերջին տասնամյակների ընթացքում գրիպի պատվաստանյութի արտադրության ամենամեծ առաջընթացն է գրանցել: Այն կարող է նաեւ պոլիոմիելիտի, ռոտավիրուսի, հեպատիտի, ծաղկի, կարմրախտի եւ ջրծաղիկի դեմ պատվաստանյութերի արտադրության մեջ կիրառվել:



© NEWS.am Medicine