Քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացնող 3 սովորություն

19:28   18 հունիսի, 2019

Գիտությանն առայժմ հայտնի չեն քաղցկեղի զարգացման ստույգ պատճառները. այս գործում իր դերակատարումն ունի ինչպես ժառանգականությունը, այնպես էլ կենսակերպը, պնդում են որոշ ուռուցքաբաններ:

Ամերիկյան հանրային սննդի միության մասնագետները նշել են մի քանի ամենօրյա սովորությունների մասին, որոնք կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Տաք վիճակում որեւէ բան ուտելու եւ խմելու սովորությունը

Տաք ճաշատեսակները եւ ըմպելիքները ավելի վտանգավոր են, քան կարող եք պատկերացնել: Մարդկանց շրջանում, որոնք տաք վիճակում են որեւէ բան ուտում եւ խմում, մեծանում է կերակրափողի եւ բերանի խոռոչի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Մասնագետները կոչ են անում չխմել այն թեյը եւ չուտել այն ճաշատեսակը, որոնց ջերմաստիճանը 60 աստիճանը գերազանցում է:

Ամեն օր միս ուտելու սովորությունը

Մեծ թվով հետազոտություններ ցույց են տվել կարմիր մսի եւ քաղցկեղի զարգացման հավանականության միջեւ կապը: Կարծիք կա, որ ամեն օր կարմիր միս եւ հատկապես դրա վերամշակման արտադրանք ուտելու սովորությունը 43 տոկոսով մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը, այդ թվում քաղցկեղի հետեւանքով:

Վերամշակված մսամթերքի մեջ առավել վնասակար նյութը նատրիում նիտրատն է, որը 4 անգամ մեծացնում է աղեստամոքսային տրակտի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Գիշերը չքնելու սովորությունը

Ոչ լիարժեք քնելը եւ մինչեւ ուշ գիշեր զարթուն մնալու սովորությունը նպաստում են մելատոնին հորմոնի անբավարար արտադրմանը, որը պատասխանատու է մարդու օրական բնական ռիթմերի համար: Հետազոտողներից շատերը հենց դրա պակասի հետ են կապում օրգանիզմում որոշ ուռուցքային պրոցեսների զարգացումը: Ուռուցքաբանների կարծիքով մելատոնին հորմոնի պակասը, մասնավորապես, մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:



© NEWS.am Medicine