Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման նոր անալիզը կօգնի խուսափել հազար ոչ անհրաժեշտ վիրահատություններից

16:37   10 օգոստոսի, 2019

Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման արյան ինովացիոն անալիզը կօգնի խուսափել հազար ոչ անհրաժեշտ վիրահատություններից, ինչպես նաեւ հիվանդությունը կառավարել տարբեր փուլերում: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել հետազոտողների միջազգային խումբը:

Նոր մեթոդը ստացել է TARDIS անվանումը եւ իրենից ներկայացնում է «հեղուկ բիոպսիա», որը նույնականացնում եւ հայտնաբերում է շրջանառվող ուռուցքային ԴՆԹ-ն (ctDNA): TARDIS-ի զգայունությունը 100 անգամ գերազանցում է ctDNA-ի ստուգման գոյություն ունեցող այլ արյան անալիզների ցուցանիշներին:

Փորձի շրջանակում TARDIS-ը կիրառվել է արյան 80 նմուշների համար, որոնք վերցվել էին տարբեր փուլերում գտնվող կրծքագեղձի քաղցկեղով կանանցից: Արդյունքում անալիզը ctDNA-ն հայտնաբերել է յուրաքանչյուր պացիենտի մոտ, ընդ որում՝ դեռեւս մինչեւ բուժում սկսելը:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ բրիտանական Cancer Research UK կազմակերպությունից պրոֆեսոր Կառլոս Կալդասը, նշում է. «TARDIS-ի զգայունությունը չափազանց կարեւոր է բուժման դադարեցման կամ փոփոխման տեսանկյունից»:

Անալիզի արդյունավետության հաստատման համար նախատեսվում է անցկացնել ավելի քան 200 պացիենտի մասնակցությամբ ծավալուն հետազոտություն:

Աշխատանքի արդյունքներով գիտական հոդվածը ներկայացվել է Science Translational Medicine պարբերականում:



© NEWS.am Medicine