Երբ խոսքը թունավոր նյութերի մասին է, հարկավոր է ապացուցել դրանց անվտանգությունը, ոչ թե վտնագը. բժիշկն՝ Ամուլսարի մասին

16:17   22 օգոստոսի, 2019

Շատերն այսօր ասում են, որ իբր չկան ապացույցներ, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը կարող է վտնագվոր լինել շրջակա միջավայրի համար:

Սակայն, երբ խոսքը թունավոր, տոքսիկ նյութերի մասին է, հարկավոր է ապացուցել մարդկանց եւ շրջակա միջավայրի համար դրանց անվտանգությունը, այլ ոչ թե վտանգը, քանի որ դրանք բնականաբար վտանգավոր են, պնդում է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը:

Բժշկի խոսքով՝ եթե խոսքը ինչ-որ բնական երեւույթի մասին է, մի բանի մասին, ինչը դարերով ընդունված է անել, հղիության երրորդ եռամսյակում հաց օգտագործել, դա կարելի է սովորական անվտանգ բան համարել եւ եթե ինչ-որ մեկը հակառակը պնդի, նա պետք է ապացուցի իր տեսակետը: Եվ եթե նա չկարողանա դա անել, քննարկվող երեւույթը կշարունակվի անվտանգ համարվել:

Իսկ եթե խոսքը ցիանիդի, թթվային դրենաժների եւ այլ նման երեւույթների մասին  է, հարկավոր է ելնել վտանգի կանխավարկածից: Եվ եթե ինչ-որ մեկը պնդի, որ դրանք իրականում այդքան վտանգավոր չեն, ինչպես թվում է, նա պետք է ապացուցի դա, իսկ եթե չկարողանա, այդ նյութերը կշարունակեն  վտանգավոր համարվել մարդկանց եւ շրջակա միջավայրի համար:

«Չի կարելի ասել, որ չկան ապացույցներ, որ թույնը վտանգավոր է, անգամ եթե դրա պատճառով դեռեւս ոչ ոք չի մահացել: Անգամ եթե ոչ ոք դեռ չի տուժել, դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետեւ եթե խոսքը թույների մասին է,  բոլոր դատողությունները պետք է կառուցվեն դրանց վտանգի, այլ ոչ թե  անվտանգության կանխավարկածի վրա: Պետք է ապացուցել թույնի անվտանգությունը, այլ ոչ թե վտանգավորությունը», - ասաց գաստրոէնտերոլոգը:

«Բոլորն ասում են, որ չկան  փաստեր, որոնք ապացուցում են, որ հանքի շահագործումը կարող է վտանգավոր լինել ջրերի կամ մարդկանց համար: Բայց ոչ ոք չպետք է ապացուցի դրա վտանգը, հակառակը՝ դուք պետք է ապացուցեք, որ դա անվտանգ է»:

Երբ նոր դեղամիջոցներ են հետազոտում, հետազոտողները ելնում են անմեղության կանխավարկածից եւ փորձում են ապացուցել դրանց անվտանգությունը, ինչի համար փորձեր են կատարվում կենդանիների վրա, իսկ հետո մարդկանց վրա, որպեսզի հասկանան, թե դեղամիջոցը որքանով է անվտանգ եւ արդյունավետ: Սակայն Ամուլսարի դեպքում ոչ ոք չի կարող հարակից հողերը բնակեցնել միայն կենդանիներով՝ պարզելու համար, թե նրանց հետ ինչ կպատահի առաջիկա 50 տարում, եւ հասկանալ՝ կարելի՞ է արդյոք այդ վայրին մոտ թողնել մարդկանց:

Եթե առանց անվտանգության որեւէ ապացույցի սկսեն հանքի շահագործումը, դա կլինի գրեթե նույն բանը, եթե նոր դեղը սկսեն միանգամից փորձարկել մարդկանց վրա, ավելին՝ միանգամից հղի կանանց վրա:


«Բժշկության մեջ նման բան չկա, որ փորձերը միանգամից մարդկանց վրա անցկացվեն: Դուք անգամ դեռեւս տեսականորեն չեք փաստարկել, չեք ապացուցել (հանքավայրի) անվտանգությունը»,- նշեց բժիշկը:
Նա հավելեց, որ ԱՄՆ տվյալներով՝ հանքերի շահագործման ժամանակ 75 տոկոս դեպքերում առաջանում են նախապես չնախատեսված անվտանության հետ կապված խնդիրներ:


«Դուք պետք է ապացուցեք, որ ծծմբաթթուն Սեւան չի ընկնում: Դուք չեք կարող ասել, թե ապացույցներ չկան, որ այդպես կլինի, դուք պետք է բերեք ձեր ապացույցները, որ ծծմբաթթուն Սեւան չի ընկնի, որ ցիանիդը վնաս չի հասցնի շրջակա միջավայրին, դուք դա պետք է ապացուցեք գոնե տեսականորեն: Բայց դա չի արվել»,- ասաց գաստրոէնտերոլոգը:



© NEWS.am Medicine