Ինսուլինի պոմպերը ներարկումներից արդյունավետ են շաքարախտը վերահսկում

15:28   5 հուլիսի, 2014

Շաքարախտով տառապող չափահասները ինսուլինի պոմպի օգնությամբ ավելի արդյունավետ են արյան մեջ շաքարի բաղադրությունը վերահսկում, տեղեկացնում է NewsMax Health-ը:

Խոսքը փոքր չափեր ունեցող սարքի մասին է, որը մաշկի տակ տեղադրված կաթետերի օգնությամբ օրական որոշակի քանակով ինսուլին է դեպի օրգանիզմ մղում: Հիվանդներն այդ սարքը պարզապես իրենց վրա են կրում:

2-րդ տիպի շաքարախտով տառապող 30-75 տարեկան 331 հիվանդների շրջանում իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ, օրվա ընթացքում բազմակի ներարկումներ իրականացնողների համեմատությամբ, պոմպի օգնությանը դիմած հիվանդների արյան մեջ շաքարի միջին բաղադրության նշանակալի նվազում է նկատվում:

Բացի այդ, հետազոտության ավարտին պարզ է դարձել, որ պոմպի օգնությանը դիմած խմբի անդամները օրական ինսուլինի 20 տոկոսով ցածր չափաբաժին են ընդունել:.

Ինսուլինի պոմպերը անհամեմատ հարմարավետ են եւ ներարկումների ժամաբաշխում չեն պահանջում: Բացի այդ, բացառվում է նաեւ ներարկումը բաց թողնելու հավանականությունը:

Բժիշկները համոզված են, որ ապագայում ինսուլինի պոմպը շաքարախտի բուժման ամենաարդյունավետ գործիքներից մեկն է համարվելու: Ներկայումս ապահովագրական եւ տնտեսական գործոնները դեռեւս արգելակում են դրա առաջընթացը: Մասնավորապես` ցածր ինքնարժեքի հասնելու դեպքում սարքը կարող է կյանքի որակի բարձրացման եւ բարդություններից խուսափելու լավագույն միջոցը դառնալ շաքարախտով հիվանդների համար:



© NEWS.am Medicine