Գիտնականները մեկ քայլ առաջ են անցել` օրգանների եռաչափ տպման գործում

20:52   5 հուլիսի, 2014

Մի քանի տարի առաջ գիտնականներին հաջողվել էր եռաչափ տպիչի օգնությամբ մարդու տարբեր հյուսվածքներ ձեռք բերել, բայց բոլորովին վերջերս ամերիկացի եւ ավստրալացի գիտնականների ջանքերով ներկայացված նորամուծությունը հսկայական քայլ է արձանագրել` ոլորտի զարգացման գործում. այսուհետ հյուսվածքները կարող են ինքնուրույն կենդանություն ապահովել, հաղորդում է The Guardian-ը:

Մասնավորապես, գիտահետազոտական խմբերին չէր հաջողվում հյուսվածքների բջիջներին սնուցիչների եւ թթվածնի մատակարարում ապահովող արյունատար անոթներ ստանալ եւ արտաթորման հնարավորություն ստեղծել:

Հիշյալ գործընթացները էական նշանակություն ունեն` բջիջների կենսագործունեության եւ աճի ապահովման տեսանկյունից, որպեսզի հետագայում օրգանները փոխպատվաստելի չափերի հասնեն:

Հարկ է նշել, որ գիտնականներին հաջողվել է, եռաչափ տպիչի օգնությամբ, արյունատար անոթների նմանությամբ մանրաթել ստանալ: Այնուհետեւ ստացված մանրաթելը սպիտակուցներով հարուստ` լույսի ազդեցությամբ կարծրացված բջջանյութով է ծածկվել: Ի վերջո մանրաթելը հեռացվել է` հետեւում մարդու էնդոթելիալ բջիջներով պատված անոթների ցանց թողնելով, ինչը մեկ շաբաթ անց պատրաստ է եղել` եռաչափ օրգանի համար որպես արյունատար համակարգ ծառայելու համար: 

Ինչեւիցե, դեռեւս տասնամյակներ կարող են անցնել, մինչ առաջին եռաչափ օրգանը պատրաստ կլինի փոխպատվաստման:



© NEWS.am Medicine