Երիկամային քարերը հատկապես ամռա՞նն են ցավ պատճառում

15:02   8 հուլիսի, 2014

Ամառային սեզոնը պաշտոնապես բացվել է, սակայն երիկամային քարերը նույնիսկ մի փոքր ավելի վաղուց են ակտիվացել: Բժիշկներից շատերը համոզմունք ունեն, որ եղանակի տաքացմանը զուգահեռ դրանց պատճառած ցավն առավել նկատելի է դառնում:

Երիկամային քարերը կարծր, երբեմն էլ՝ սրածայր, միներալներից եւ աղաթթուներից բաղկացած գոյացություններ են, որոնք կարող են, երիկամից միզածորան անցնելով, անտանելի ցավեր առաջացնել:

Սեզոնային տեղաշարժեր

Երիկամային քարեր ունեցողները ամռան ամիսներին առավել հաճախ են, ցավից դրդված, շտապ օգնության բաժանմունքներում հայտնվում: Հետազոտությունները ցույց են տվել, որ հիշյալ քարերը առավելապես ձմռան ամիսներին են առաջանում, երբ մեզի բաղադրության մեջ առավել մեծ քանակությամբ կալցիում է նկատվում: Հայտնի է, որ երիկամայի քարերի գոյացման դեմ պայքարի լավագույն միջոցը ֆիզիկական ակտիվությունն է: Ահա թե ինչու են դրանք հատկապես ձմռան ամիսներին ի հայտ գալիս. չէ՞ որ ցուրտ եղանակին համեմատաբար ցածր ակտիվություն ենք ցուցաբերում:  

Իսկ ամռանը, բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ, երիկամային քարերի տեղաշարժ է խթանվում, ինչն էլ հիվանդներին այդքան մեծ անհանգստություն պատճառող ցավերի սկզբնաղբյուրն է:

Բուժօգնություն

Երբ երիկամային քարի մակերեսը հարթ չէ (իսկ այն հիմնականում հարթ չի լինում), երիկամից միզածորան անցնելու դեպքում այն կարող է անտանելի ցավ պատճառել: Քարի ծավալը եւս մեծ նշանակություն ունի: Այն կարող է ինչպես ավազահատիկի, այնպես էլ սիսեռի չափեր ունենալ. երկրորդ դեպքում, բնականաբար, բուժօգնությունից խուսափել չի ստացվի: 

Տեղաշարժվող քարը կարող է նաեւ արյունահոսություն, բարձր ջերմություն, տենդ, սրտխառնող եւ միզելու անդադար ցանկություն առաջացնել:

Ջուր խմեք

Եթե մի անգամ քար եք ունեցել, առաջիկա հինգ տարիների ընթացքում եւս մեկի առաջացման հավանականությունը շուրջ 50 տոկոս է կազմում: Ընդ որում, ռիսկի մակարդակը տարիքի հետ աճ է գրանցում:

Երիկամային քարի առաջացման ռիսկային խմբին ներառված մարդիկ պետք է օրական առնվազն 12 բաժակ ջուր խմեն, հատկապես՝ ամռան ամիսներին: Այդ կերպ կկարողանաք օրգանիզմում առկա՝ քարերի մեծ մասի զարգացման համար պատասխանատու կալցիումի օքսալատները տարրալուծել:



© NEWS.am Medicine