Մարմնի հոտի յոթ առանձնահատկություններ, որոնց մասին դուք չգիտեք

22:31   13 հուլիսի, 2014

Շունչ պահեք՝ մարմնի հոտի մասին ենք խոսելու: Այս երեւույթը շատերին է մտահոգում, հատկապես՝ ամռանը, երբ այս կամ այն գործողության արդյունքում քրտնելու շանսերն այնքան բարձր են, հիշեցնում է FoxNews-ը: Ուրեմն փորձենք պարզել, թե ինչպես է մարդը հոտ արձակում եւ ինչպես կարող ենք դրա տհաճ հետեւանքներից խուսափել:

1. Քրտնքի արտադրության համար պատասխանատու գեղձերը երկու տեսակի են լինում՝ էկրին եւ ապոկրին: Էկրին քրտնագեղձերը տարածված են մարմնի ողջ մակերեսով մեկ եւ ջրախառը քրտինք են արտադրում՝ օրգանիզմի համար անհրաժեշտ ջերմություն ապահովելու համար: Իսկ ահա ապոկրին գեղձերը մազերի ֆոլիկուլների մոտակայքում են գտնվում եւ լիպիդների օգնությամբ ճարպոտ քրտինք արտազատում:

2. Քրտնահոտի պատճառը մազերն են. իրականում ապոկրին գեղձերից արտազատված քրտինքը սեփական հոտը չունի: Երեւույթի պատճառը կլանվող մանրէներն են, որոնք ապոկրին քրտնքի բաղադրության մեջ առկա ճարպերը տարրալուծելու ու արդյունքում վանող հոտ արձակելու հատկություն ունեն: Եւ որքան շատ է մազածածկույթը, այնքան մեծ տարածք է ապահովվում՝ մանրէների ազատ տեղաշարժի համար:

3. Հակապերսպիրանտները արգելակում են ապոկրին գեղձերի աշխատանքը՝ թույլ չտալով, որ քրտինքն անգամ դուրս գա մարմնից, իսկ ահա դեզոդորանտները պարզապես փորձում են արտազատված քրտնքի հոտը թաքցնել:

4. Սուր արտահայտված քրտնարտադրության դեպքում մարդիկ կարող են նաեւ մաշկաբանի օգնությանը դիմել: Մասնավորապես, բոտոքսի օգնությամբ կարելի է ապոկրին քրտնարտադրության կանխարգելման հասնել, սակայն այդ դեպքում ստիպված կլինեք երեք-չորս ամիսը մեկ ներարկման ներկայանալ: Բացի այդ, կարելի է miraDry կոչվող սարքը օգտագործել. այն միկրոալիքային տեխնոլոգիայի օգնությամբ թեւերի տակի գեղձերը հեռացնելու կարողություն ունի:

5. Սնունդը կարող է ազդել հոտի վրա: Սոխը, սխտորը եւ կարրին կարող են քրտնարտադրությունը առավել «բուրումնավետ» դարձնել։

6. Հիգիենայի չարաշահումը կարող է իրավիճակի վատթարացման հանգեցնել: Ապոկրին քրտնարտադրությամբ աչքի ընկնող հատվածներն, իհարկե, կարող եք հակաբակտերիալ օճառով մաքրել, բայց մարդիկ կան՝ ալկոհոլ են օգտագործում՝ խոցելի մակերեսը չորացնելու համար, ինչի արդյունքում օրգանիզմը, որպես հակամիջոց, սկսում է առավել շատ քրտինք արտադրել:

7. Սթրեսը բարձր քրտարտադրության է հանգեցնում: Այնպես որ պատահական չէ, երբ աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցի ներկայանալիս թեւերի տակ առուներ են հոսում:



© NEWS.am Medicine