Հղիության ընթացքում մոր օրգանիզմ անցած վարակները կարող են երեխայի հոգեկան աշխարհի վրա անդրադառնալ

15:39   10 հուլիսի, 2014

Մեյլմանի հասարակական առողջության դպրոցի, Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնի եւ Նյու-Յորքի հոգեբուժական ինստիտուտի մասնագետները համոզմունք են հայտնում, որ հղիության ընթացքում մոր օրգանիզմում տեղի ունեցած բորբոքումները երեխաների մոտ շիզոֆրենիայի առաջացման վտանգ են պարունակում: 

Որպես կանոն, ցանկացած բորբոքում արյան մեջ С-ռեակտիվ սպիտակուցի առկայությամբ է բնորոշվում:  Eurek Alert-ի հաղորդմամբ, շիզոֆրենիայով հիվանդ երեխաներ լույս աշխարհ բերած 777 կանանց մոտ հենց այդ սպիտակուցի առկայություն է նկատվել: Համեմատության համար եւս մեկ՝ 777 կանանցից բաղկացած խումբ է կազմվել, որոնց արյան հետազոտությունը եւ երեխաների մոտ հիշյալ հիվանդության առկայության մասին տվյալները թույլ են տվել այն եզրահանգմանը գալ, որ սպիտակուցի բարձր մակարդակը շիզոֆրենիայի առաջացման նշանակալի ռիսկ է պարունակում: Մասնավորապես, մեկ լիտր արյան մեջ սպիտակուցի՝ յուրաքանչյուր միլիգրամով ավելացման դեպքում հիվանդության առաջացման ռիսկի 28 տոկոսի չափով աճ է ենթադրվում:

Այն, որ մոր օրգանիզմում առաջացած բորբոքումները կարող են պտղի ուղեղի զարգացման վրա անդրադառնալ, մինչ այժմ էլ գրեթե ոչ մի կասկած չէր հարուցում: Ուստի հղի կանայք վարակներից պաշտպանվելու կարեւորագույն խնդիր ունեն: Ընդ որում, բորբոքումները կարող են նաեւ տրավմայի կամ աուտոիմուն հիվանդությունների արդյունք լինել:



© NEWS.am Medicine