Ո՞վ է ասում, որ տղամարդիկ չեն կարող կրծքագեղձի քաղցկեղ ունենալ

14:21   10 հուլիսի, 2014

Ճիշտ է՝ հազվադեպ, բայց տղամարդիկ էլ կարող են կրծքագեղձի քաղցկեղ ունենալ: Ավելին՝ վիճակագրական տվյալների համաձայն, տղամարդկանց պարագայում այն զարգացման ավելի ուշ փուլերում է ախտորոշվում, տեղեկացնում է NewsMax Health-ը:

Միացյալ Նահանգներում ամեն տարի 2 հազար տղամարդու մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվում, ինչի արդյունքում նրանցից 500 մահանում են: Հիվանդությունը կարող է ցանկացած տարիքում ի հայտ գալ, բայց առավել հաճախ 60-70 տարեկանների մոտ է ախտորոշվում, այսինքն՝ կանանցից տասը տարի ուշ:

Տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի ուշ ախտորոշման պատճառներից մեկն այն է, որ նրանց մեծ մասը չգիտեն կամ չեն հավատում, որ կարող են հիվանդության զարգացման վտանգի ենթարկվել:

Հիմա կասեք՝ ի՞նչ դժվար բան է այդքան փոքր տարածքի վրա ուռուցք նկատել: Բանը նրանում է, որ լավ էլ նկատում են, պարզապես շատերի մտքով անգամ չի անցնում, որ դա կարող է քաղցկեղ լինել: Ի տարբերություն կանանց, որոնք մի փոքր այտուցվածության դեպքում անգամ սկսում են ամենավատը մտածել:

Քանի որ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ 100 կանանց ընդամենը մեկ տղամարդ է բաժին հասնում, բուժման առանձին եղանակների հայտնաբերման ուղղությամբ հետազոտություններ գրեթե չեն իրականացվում: Այսինքն՝ տղամարդկանց այնպես են բուժում, ինչպես որ կանանց:

«Տղամարդկանց անարդարացիորեն դուրս են մղել կրծագեղձի քաղցկեղի բուժմանն ուղղված կլինիկական փորձարկումներից», - ասում է ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչության հեմատոլոգիայի եւ օնկոլոգիայի բաժնի փորձագետ, կրծքագեղձի քաղցկեղի ուսումնասիրմամբ զբաղվող գիտահետազոտական խմբի ղեկավար Տատյանա Փրաուելը՝ հավելելով, որ, ի տարբերություն կանանց, տղամարդկանց մոտ ի հայտ եկած ուռուցքները երկար ժամանակ անցավ են մնում:



© NEWS.am Medicine