Սեռական բավարարվածությունը՝ սրտային հիվանդությունների կանխարգելման միջո՞ց

16:47   10 հուլիսի, 2014

Վերջերս իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սեռական հարաբերությունների որակը կարող է անմիջական կապ ունենալ սրտի առողջության հետ: Զուգընկերների կամ ամուսնու/կնոջ հետ ցածրորակ սեռական կապ պահպանող անձինք, կրքոտ հարաբերությունների մեջ գտնվող զույգերի հետ համեմատությամբ, սրտի կաթվածի կամ ինսուլտի ենթարկվելու 8,5 տոկոսով բարձր ռիսկ են կրում: Մասնավորապես, որքան անբավարար են սեռական հարաբերությունները, այնքան մեծ է պարանոցի միջով ուղեղի արյուն մատակարարող անոթի՝ քներակի պատերի հաստացման վտանգը, ինչը սրտանոթային հիվանդությունների զարգացման նախապայմաններից մեկն է համարվում, տեղեկացնում է FoxNews-ը:

Հետազոտության շրջանակում գիտնականները 281 առողջ, աշխատող, միջին տարիքի մարդկանց սեռական հարաբերություններն են ուսումնասիրել: Մասնակիցները «ռեալ ժամանակում»՝ վերջին սեռական ակտից մեկ ժամ անց զուգընկերոջից կամ ամուսնուց/կնոջից ստացած բավարարվածության վերաբերյալ հարցաշար են լրացրել, իսկ այնուհետեւ՝ քներակի պատի հաստությունը պարզելու նպատակով՝ ուլտրաձայնային հետազոտություն անցել:

Դեռեւս պարզ չէ, թե ինչպես կարող է սեռական հարաբերությունների որակը քներակի պատի հաստության վրա անդրադառնալ: Գիտնականները փորձել են պատճառահետեւանքային կապը արյան ճնշման տատանումների մեջ փնտրել, բայց՝ ապարդյուն:

Մյուս կողմից էլ՝ պարզ է դարձել, որ սեռական հարաբերությունների հաճախականությունը կամ անձնական բնույթի որեւէ տվյալ քներակի պատի հաստության հետ որեւէ առնչություն նույնպես չունի. խոսքը միայն հարաբերությունների որակի մասին է:

Հետազոտությունը սահմանափակ արդյունավետություն է ապահովում, քանի որ բոլոր տվյալները կյանքի մեկ դրվագից են վերցվել: Այդուհանդերձ, երկու երեւույթների միջեւ առկա կորելիացիոն գործակիցը սեռական հարաբերություններին ուշադրություն դարձնելու խորհուրդ է պարունակում:



© NEWS.am Medicine