Ինչպե՞ս ամռանը խուսափել սուր աղիքային վարակներից

17:09   11 հուլիսի, 2014

Ամռանը աղիքային սուր վարակիչ հիվանդությունների աշխուժացում է նկատվում. ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը լրագրողներին պատմել է, թե ինչպես կարելի է այդ վարակներից խուսափել:

Ահա թե ինչ խորհուրդներ է նա տվել.

• Խստորեն հետեւեք անձնական հիգիենային եւ ձեռքերը հաճախակի օճառով լվացեք, քանի որ բազմաթիվ մանրէներ եւ հարուցիչներ հենց կեղտոտ ձեռքերի միջոցով են օրգանիզմ ներթափանցում:

• Լավ լվացեք հում վիճակում օգտագործվող ցանկացած սննդամթերք, մասնավորապես մրգերն ու բանջարեղենը։ Լվանալ դրանք պետք է մաքուր, խմելու որակի ջրով՝ անկախ այն բանից, թե որտեղ եւ ինչ պայմաններում են դրանք աճեցվել. նույնիսկ եթե խոսքը ձեր այգու մասին է, դրանց վրա, միեւնույն է, կարող են վտանգավոր մանրէներ լինել։

• Կանաչեղենը օգտագործելուց առաջ լավ լվացեք։ Այն շատ ավելի դժվար է մաքրվում, քան մրգերն ու բանջարեղենը, այդ պատճառով ցանկալի է՝ որոշ ժամանակ մաքուր ջրում պահել, իսկ հետո մանրամասն լվանալ։

• Պատրաստի սննդամթերքի հետ զգույշ եղեք։ Ամռանը ցանկացած սննդամթերք ավելի շուտ է փչանում, ուստի անչափ կարեւոր է պատրաստի սննդամթերք (մասնավորապես՝ մսամթերք, կաթնամթերք, կրեմ պարունակող հրուշակեղեն եւ ձկնեղեն) այնպիսի վայրից գնել, որտեղ դրանք սառնարանային պայմաններում են պահպանվում։

• Հատկապես տեղում պատրաստվող պաղպաղակին ուշադրություն դարձրեք, խորհուրդ է տալիս Նունե Բակունցը։ Այն սովորաբար ջերմային մշակում չի անցնում եւ կարող է վտանգավոր լինել։

• Ինքնուրույն հավաքված սունկ մի կերեք (լինք), քանի որ կարող եք թունավորը անվտանգի հետ շփոթել եւ թունավորվել։

• Ճաքած ու փչացած մրգեր կամ բարջարեղեն (լինք) մի գնեք՝ դրանք կարող են հարուցիչներ պարունակել եւ աղիքային վարակների առաջացման պատճառ դառնալ։

• Սնունդն աշխատեք մեկ անգամվա համար պատրաստել եւ երկար ժամանակ չպահպանել։ Պատրաստի սնունդը պահեք սառնարանում՝ փակ տարայի մեջ։

• Սառնարանում հում եւ եփած սնունդն իրարից առանձին՝ տարբեր տարաներում պահեք, որպեսզի հում մթերքից մանրէները եփածին չանցնեն։

• Աշխատեք թեթեւ սնունդ օգտագործել, իսկ ծանր, յուղոտ կերակուրները ցանկալի է առավոտյան կամ գոնե ցերեկն ուտել, բայց ոչ՝ երեկոյան։

• Շատ հեղուկ խմեք։

Իհարկե, ոչ ոք աղիքային վարակներից ապահովագրված չէ, բայց եթե հետեւեք վերը նշված խորհուրդներին, կարող եք հնարավորինս հեռու մնալ վարակներից եւ այլ խնդիրներից։



© NEWS.am Medicine