Բժիշկները վերականգնել են առանց ականջների ծնված կնոջ լսողությունը

20:17   11 հուլիսի, 2014

Բժիշկներին հաջողվել է, ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ, առանց ականջների ծնված (միկրոտիա) կնոջ ոչ միայն լսողությունը, այլ նաեւ՝ բացակայող օրգանները վերականգնել:

Միկրոտիայով տառապող Սալլի Էվանսի լսողությունը ոսկրային հյուսվածքներին ամրակցված բարձր տեխնոլոգիական լսողական սարքի օգնությամբ են վերականգնել: Այն բոլոր ձայները որսալու եւ ձայնային տատանումների տեսքով ոսկրին ներպատվաստված պտուտակին հաղորդելու ծրագրավորում ունի: Այնուհետեւ այդ տատանումները, ականջի հիմնական անցուղին շրջանցելով, լսողական նյարդին են հաղորդվում: Սարքի ներպատվաստումը առաջին վիրահատության ընթացքում է իրականացվել: 

Երկորդ փուլի ընթացքում բժիշկները հիվանդի կողոսկրային աճառից ականջի արտաքին հատվածն են մոդելավորել եւ Սալլին ոչ միայն լսելու, այլ նաեւ՝ արտաքինը լիովին վերականգնելու հնարավորությունը ընձեռել, հաղորդում է The Daily Mail-ը:

Միկրոտիան ականջի խեցու ի ծնե թերզարգացվածությամբ կամ բացակայությամբ է բնորոշվում: Այն խիստ հազվադեպ բնույթ ունի եւ 10 հազար նորածիններից մեկի մոտ է պատահում:



© NEWS.am Medicine