Գոտկատեղի ցավը եղանակային պայմանների հետ ոչ մի առնչություն չունի

12:45   12 հուլիսի, 2014

Թույլ հոդեր եւ մկաններ ունեցող մարդիկ հաճախ են ասում, որ եղանակային պայմանները կարող են հատկապես գոտկատեղի ցավ խթանել: Սակայն վերջերս իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նման փոխկապակցվածություն չի գործում, տեղեկացնում է FoxNews-ը:

Ավստրալացի գիտնականները գոտկատեղի ցավով Սիդնեյի բուժհաստատությունների օգնությանը դիմած շուրջ 1000 հիվանդների վերաբերյալ տեղեկություններ են վերլուծել: Այնուհետեւ ստացված տեղեկությունները նախընթաց շաբաթներին գրանցված եղանակային պայմանների հետ են համեմատվել:

Արդյունքում պարզվել է, որ գոտկատեղի ցավի եւ ջերմաստիճանի, օդի համեմատական խոնավության, ճնշման, քամու ուղղության եւ տեղումների տեսակի ու քանակի միջեւ ոչ մի կապ չի գործում:

Ճիշտ է՝ բարձր արագությամբ քամու պոռթկումները կարող են մեջքի ցավ առաջացնել, բայց դրա հավանականությունն ու ազդեցությունն այնքան փոքր է, որ դժվար թե այս կամ այն հիվանդի կողմից նկատելի դառնա:

Մինչ այժմ իրականացված հետազոտությունները, օբյեկտիվ չափագրումների փոխարեն, հիվանդների հիշողության վրա էին հիմնվում՝ գոտկատեղի ցավին նախընթաց օրերի եղանակային պայմանների վերաբերյալ տվյալներ հավաքագրելու համար: Սակայն հիշյալ հետազոտությունը բոլոր առումներով անաչառ պայմաններով է իրականացվել եւ կասկածի տեղիք չի տալիս:

Սիդնեյը մեղմ կլիմա ունի, ուստի վերը բերված եզրահանգումը առավել խիստ բնակլիմայական պայմաններով աչքի ընկնոջ տարածաշրջանների բնակիչների վրա կարող է եւ չտարածվել: Իսկ թե արդյոք եղանակային պայմանները կարող են այլ հիվանդություններ՝ ռեւմատոիդ արթրիտ կամ օստեոարթրիտ առացնել՝ դեռեւս պարզ չէ. հնարավոր կապը պարզելու համար հավելյալ հետազոտություններ են հարկավոր:



© NEWS.am Medicine