Շտապ օգնության ո՞ր ծառայություններն են վճարովի եւ որոնք՝ անվճար

18:27   16 հուլիսի, 2014

Շտապ օգնության ծառայությունների մեծ մասը Երեւանում անվճար են, սակայն վճարովի ծառայություններ եւս գործում են։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Հերթապահություններ

Շտապ օգնության հերթապահությունը՝ տարբեր միջոցառումների ժամանակ, պետպատվերի շրջանակներում չի մտնում եւ պաշտոնապես վճարովի ծառայություն է։

Տեղափոխումներ՝ հիվանդի ցանկությամբ

Հիվանդի ցանկությամբ, շտապօգնության մեքենան կարող է նրան որեւէ տեղափոխել կլինիկա՝ հետազոտվելու համար, իսկ այնուհետ էլ՝ տուն վերադարձնել։ Նման ծառայությունները նույնպես վճարովի են, եթե, իհարկե, հիվանդի ցանկությամբ են իրականացվում, եւ ոչ՝ բժիշկների որոշմամբ. եթե կանչին արձագանքած բժիշկները որոշում են, որ հիվանդին շտապ հիվանդանոց տեղափոխել է պետք, դա, իհարկե, անվճար է արվում։

Ի դեպ, ապաքինված հիվանդի տեղափոխումը հիվանդանոցից տուն նույնպես վճարովի ծառայություն է։

Մարզային կանչեր

Մարզային կանչերը Երեւանի շտապ օգնության համար նույնպես վճարովի են, նշել է Թագուհի Ստեփանյանը։

Տնային մահ

Տանը մահացած մարդկանց դիակի տեղափոխումը շտապօգնության մեքենայով եւս վճարովի ծառայություն է համարվում։

Շտապ օգնության բոլոր այլ ծառայություններն անվճար են, հիշեցնում է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը. կանչի, բժշկի այցի, հարկ եղած դեպքում՝ հիվանդանոց տեղափոխվելու համար հիվանդը չպետք է վճարի։

Թագուհի Ստեփանյանը նաեւ նշել է, որ վճարովի ծառայությունների գներին կարելի է շտապ օգնության աշխատակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկանալ։



© NEWS.am Medicine