Բժիշկները հնդիկ տղայի բերանից 232 ատամ են հեռացրել

19:07   24 հուլիսի, 2014

Հնդկաստանում գտնվող Մումբայի քաղաքի բուժհաստատություններից մեկի վիրաբույժները ռեկորդային վիրահատություն են իրականացրել: Մասնագետները այտուցված ծնոտով աչքի ընկնող 17-ամյա Աշիկ Գավայի մոտ համալիր օդոնտոմա կոչվող հիվանդությունն են ախտորոշել, հաղորդում է The Guardian-ը:

«Վիրահատությունը գրեթե յոթ ժամ տեւեց: Ի սկզբանե կարծում էինք՝ պարզագույն պրոցեդուրա է սպասվում: Բայց քիչ անց պարզվեց, որ ծնոտոսկրի ներսում բազմաթիվ մարգարտանման ատամներ են աճել», - պատմել է վիրաբույժներից մեկը:

Ատամները հեռացնելուց հետո էլ վիրահատական խումբը «մարմարի տեսք» ունեցող՝ ծնոտոսկրին ամուր կպած կառույցի է հանդիպել: Այնքան ամուր, որ բժիշկները ստիպված են եղել ջարդել այն եւ մանր կտորներով հեռացնել:

Աշիկի հայրը՝ Սուրեշ Գավայը պատմում է, որ իրենց թվացել է, թե որդու մոտ չարօրակ ուռուցք է աճել:

Իսկ ահա բժշկագիտության պատմությունը լավագույն դեպքում 37 ատամների հեռացման մասին կարող է պատմել: Մինչ հնդիկ վիրաբույժները Աշիկի բերանից ոչ ավել, ոչ պակաս, քան 232 ատամ են հանել: 

Տղայի ծնոտոսկրը վիրահատության ընթացքում չի տուժել, այնպես որ կարճ ժամանակ անց նրան լիարժեք ապաքինում է սպասում:



© NEWS.am Medicine