Կրծքավանդակի մազերը կարելի է գլխի վրա պատվաստել

19:37   25 հուլիսի, 2014

Ներկայումս հազարավոր տղամարդիկ մազերի փոխպատվաստման են ենթարկվում՝ գլխի մազածածկույթը վերականգնելու համար: Վիրահատությունն իրականացնելու համար վիրաբույժներն առավելապես գլխի հետնամասի ֆոլիկուլներից են օգտվում, որտեղ մազածածկույցը, որպես կանոն, առատությամբ է աչքի ընկնում, հաղորդում է Daily Mail-ը:

Սակայն փոխպատվաստման այս տարբերակը արդյունավետ չէ այն տղամարդկանց համար, որոնց պարագայում գլխի մազածածկույթի կորուստը համատարած բնույթ է կրում, այսինքն՝ բոլոր ֆոլիկուլներն են վնասվում:

Վերոհիշյալ դեպքերի համար մշակված նոր տեխնոլոգիան մարմնի այլ հատվածներից, գլխավորապես՝ կրծքավանդակից վերցված ֆոլիկուլների ներպատվաստման հնարավորություն է ընձեռում: Թեեւ, մասնագետների պնդմամբ, գլխին աճող մազերը որոշակիորեն տարբերվում են մարմնի այլ հատվածներում առկա մազերից, եւ փոխպատվաստման արդյունքում գլխի մազածածկույթը կարող է անբնական տեսք ստանալ: Այնպես որ նոր լուծումը բացառապես ճաղատ մարդկանց է խորհուրդ տրվում, որոնց պարագայում էլ փոխպատվաստված ֆոլիկուլների քանակը պետք է նվազագույն լինի:

Մազերի փոխպատվաստման պրոցեդուրան կարող է ժամեր տեւել՝ կախված ներպատվաստման ենթարկա մազերի քանակից եւ, միջին վիճակագրական տվյալների համաձայն, 10 հազար ֆունտ ստեռլինգ է պահանջում (մեկ մազի համար՝ 5 ֆունտ ստեռլինգ): Իսկ ահա կրծքավանդակից փոխպատվաստման պարագայում պրոցեդուրայի արժեքը կրկնապատկվում է:

Վիրաբուժական միջամտության ավարտից անմիջապես անց «հիվանդը» կարող է դուրս գրվել բուժհաստատությունից: Այդուհանդերձ, դեռեւս մեկ շաբաթ գլխամաշկի եւ «դոնոր» հատվածի կարմրություն եւ այտուցվածություն կարող է նկատվել: Այդ ընթացքում արգելվում է որեւէ ծանր ֆիզիկական վարժություն կատարել կամ սպորտով զբաղվել:

Բացի այդ, ներպատվաստված ֆոլիկուլները կարող են ազատվել նախկին մազերից՝ նոր միջավայրին հարմարվելու եւ առավել առողջ «սերունդ» տալու նպատակով: 

Թե որքան կտեւի վերոհիշյալ գործընթացը՝ կոնկրետ տղամարդուց է կախված:



© NEWS.am Medicine