Կանացի օրգազմն առավելապես գլխի, քան մարմնի որեւէ այլ մասի հետ է կապված

23:51   29 հուլիսի, 2014

Հետազոտությամբ պարզվել է, որ պարբերաբար օրգազմի հասնող կանայք գիտակցաբար իրենց մարմնի զգացողությունների վրա են կենտրոնանում: Բացի այդ, սեռական շփման ընթացքում նրանց մոտ գերազանցաբար էրոտիկ բնույթի մտքեր են շրջանառվում: Իսկ առանց զուգընկերոջ մաստուրբացիայի ժամանակ բոլոր կանանց հավասարապես է հաջողվում, երեւակայական մտքերին եւ սեփական զգացություններին տրվելով, օրգազմի հասնել, հաղորդում է Live Science-ը:

Հետազոտության հեղինակ, Լեւենի համալսարանի ներկայացուցիչ Պասկալ Դե Սուտտերայի խոսքով, օրգազմի հասանելիության տեսանկյունից կոգնիտիվ ասպեկտի կարեւորությունն անսպասելի է եղել: Ստացվում է՝ միայնակ լինելով, կինն առավել արդյունավետ է սեփական ֆանտազիաների վրա կենտրոնանում, իսկ սեռական ակտի ժամանակ այդ առումով որոշակի խնդիրներ են առաջանում: Թերեւս այն պատճառով, որ չեն կարողանում զերծ մնալ իրենց արտաքին տեսքի վերաբերյալ մտահոգություններից:

Հետազոտությանը 18-67 տարեկան 251 կանայք են մասնակցել, որոնցից 167-ը հայտնել են, որ պարբերաբար օրգազմի հասնելու հնարավորություն ունեն: Մասնակիցների սեռական շփումների հաճախականությունը եւս տարբեր է եղել՝ ամսական 2-90 անգամ: Մասնակիցների 90 տոկոսը հետերոսեռական կողմնորոշում են ունեցել: Նրանք սեռական ակտի եւ մաստուրբացիայի ընթացքում իրենց զգացումների, մտքերի, վարքագծի եւ դրանց ազդեցությամբ օրգազմի հասանելիության մասին տվյալներ են հաղորդել հետազոտության կազմակերպիչներին:

Եզրահանգումը միանշանակ է. կանանց մոտ գրգռվածության մակարդակը ուղեղի աշխատանքի հետ է կապված: Այլ կերպ ասած՝ տվյալ պահին սեփական մարմնի զգացողությունների վրա կենտրոնանալով՝ կարելի է գրգռման մակարդակի խթանման եւ սեռական դիսֆունկցիայի հաղթահարման հասնել: Ի միջի այլոց, նմանատիպ խնդիրներն առավելապես երիտասարդ կանանց մոտ են հանդիպում:

 



© NEWS.am Medicine