Մանկական տարիքում ճարպակալումը սեռական վաղ հասունացմա՞ն է հանգեցնում

17:07   29 հուլիսի, 2014

Պլիմութի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նախորդ դարի համեմատ, երեխաները հինգ տարի շուտ են սեռական հասունացման հասնում: Մասնավորապես, եթե 1920թ.-ին աղջիկների սեռական հուսանացման տարիքային շեմը 14,6 էր կազմում, ապա նույն ցուցանիշը 2010թ.-ի դրությամբ 10.5 է կազմել: Տղաների պարագայում էլ կենսափուլը գրեթե համարժեք տրամաբանությամբ, սակայն մեկ տարի ուշացումով է ի հայտ գալիս:  Երեւույթի պատճառն այն է, որ ճարպակալումը օրգանիզմում իրականացվող հորմոնալ փոփոխություններն ընդհատելու հատկություն ունի, հաղորդում է Daily Mail-ը:

Ավելի վաղ իրականացված հետազոտություների արդյունքներն այն մասին են վկայում, որ վաղաժամ սեռական հասունացումը տարիներ անց քաղցկեղի եւ այլ լուրջ հիվանդությունների առաջացման բարձր հավանականություն է ենթադրում: 

Մինչեւ 15 տարեկան 347 դպրոցականների շրջանում իրականացված հետազոտության նպատակը մասնակիցների հորմոնալ զարգացման մակարդակի գնահատումն է եղել: Փորձագետները պարզել են, որ հինգ տարեկանում հավելյալ քաշ ունեցող երեխաների, հատկապես՝ աղջիկների մոտ «սեռական հորմոնները կապող գլոբուլին» (ՍՀԿԳ) անունը կրող սպիտակուցի նշանակալիորեն ցածր մակարդակ է նկատվում, ինչը կարող է վաղաժամ սեռական հասունացման հանգեցնել: 

ՍՀԿԳ-ն սեռական երկու հորմոններին՝ անդրոգեններին եւ էստրոգեններին կապվող սպիտակուց է, որի ծավալները մինչ սեռական հասունացման տարիքը աստիճանաբար նվազելու հատկություն ունեն:  

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ ճարպակալման եւ սեռական հասունացման տարիքի նվազման միջեւ կապի համար պատասխանատու կենսաբանական մեխանիզմը հավելյալ քաշով է պայմանավորվում: Համենայն դեպս, երկու երեւույթների միջեւ կապը չի կարող զուգադիպություն համարվել:

Պլիմութի համալսարանին կից գործող բժշկության եւ ատամնաբուժության դպրոցի պրոֆեսոր Ջոնաթան Պինկնին, ով հիշյալ հետազոտության մասնակից է, հետաքրքիր դիտարկում է արել: Նրա խոսքով, մանկական տարիքում հետագա տարիների առողջության տեսանկյունից ծայրահեղ կարեւորություն ունեցող վիճակներ են նետվում: 

Նշենք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, մանկական տարիքում նկատվող ճարպակալումը 21-րդ դարի լրջագույն առողջապահական մարտահրավերներից մեկն է դարձել:

Մեծ Բրիտանիայում 10-11 տարեկան երեխաների երրորդ մասի եւ 4-5 տարեկանների ավելի քան հինգերորդ մասի մոտ հավելյալ քաշ կամ ճարպակալում է նկատվում:

 



© NEWS.am Medicine