Դիալի՞զ, թե՝ երիկամի փոխպատվաստում

17:27   30 հուլիսի, 2014

Շատերին թվում է, թե օրգանի փոխպատվաստումը՝ լինի դա սիրտ, թոք, երիկամ թե լյարդ, վերջին փրկարար միջոցն է՝ մարդու առողջությունը վերականգնելու համար:

Սակայն երիկամային հիվանդությունների պարագայում այն կարող է բուժման առաջնային եղանակ համարվել: Նեֆրոլոգ Էմիլիո Պոջիոյի խոսքով, երիկամի փոխպատվաստումը լավագույն տարբերակն է՝ լիարժեք ապաքինման համար:

Այդուհանդերձ, փոխպատաստման ենթակա երիկամների պակասը բժիշկներին հաճախ ստիպում է բուժման այլընտրանքային եղանակների դիմել: Խոսքը, մասնավորապես, հեմոդիալիզի եւ պերիտոնեալ դիալիզի մասին է: 

Դիալի՞զ, թե՝ երիկամի փոխպատվաստում

Դիալիզի օգնությամբ արհեստական պայմաններում իրականացվում է այն աշխատանքը, որ առողջ երիկամն է անում: Այն արյուն է վերցնում օրգանիզմից, մաքրում եւ հետ վերադարձնում: Գործընթացը սովորաբար շաբաթական 3  անգամ է իրականացվում՝ 3-4 ժամ տեւողությամբ: 

«Փոխպատվաստումը միշտ էլ լավագույն լուծումն է: Սակայն շատերն այսօր ստիպված են դիալիզով բավարարվել», - նշել է ԱՄՆ առողջապահության նախարարության հիպերտենզիայի եւ նեֆրոլոգիայի բաժնի վարիչ Ռոբերտ Հեյկան:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով, չափահաս ամերիկացիների ավելի քան 10 տոկոսը՝ շուրջ 20 մլն քաղաքացիներ, երիկամի քրոնիկ հիվանդություններով են տառապում: Նրանցից 600 հազարը դիալիզ է ստանում, եւ միայն 100 հազարն են հերթագրված՝ օրգանի փոխպատաստման համար: Իսկ վիրահատությունների թիվը տարեկան 16 հազարից չի անցնում:

Փորձագետների համոզմամբ, ստորեւ բերված 4 փաստերը չափազանց մեծ կարեւորություն ունեն՝ առողջական խնդրին բախված հիվանդների համար.

1. Դիալիզը, թերություններին զուգահետ, նաեւ որոշակի առավելություններ,ունի. Դոկտոր Հեյկայի հիվանդներից շատերը, երկարատեւ հետաձգումներից հետո, ի վերջո դիալիզի օգնությանը դիմելով՝ հաճելի զարմանք են ապրում: «Բուժման առաջին իսկ կուրսից հետո շատերն են նշում, որ մինչ այդ պատկերացում չունեին, թե որքան վատ են զգում իրենց: Դիալիզի օգնությամբ մի քանի ամսվա ընթացքում նրանց հաջողվում է ախորժակը վերականգնել, անհրաժեշտ քաշ հավաքել եւ առավել ակտիվ կյանք վարել», - նշել է բժիշկը՝ հավելելով, որ դիալիզին հատկացված ժամանակն, այնուամենայնիվ, կարող է նաեւ սահմանափակել մարդու անկախությունը եւ նրա կյանքի որակի վրա անդրադառնալ:

2.  Երիկամի փոխպատաստման օգտակարության ֆոնին՝ կողմնակի ազդեցությունները կարող են աննշան համարվել. Դոկտոր Պոջիոյի համոզմամբ, թեւ երիկամի փոխպատվաստումը հիվանդների մոտ կարող է որոշ կողմնակի ազդեցություններ հրահրել, վիրահատական միջամտությունը, թե կարճաժամկետ, եւ թե երկարաժամկետ հետեւանքների առումով, դիալիզի հետ համեմատությամբ, նշանակալի բարձր արդյունավետությամբ է աչքի ընկնում: «Կյանքի տեւողության եւ որակի շեշտակի աճ է գրանցվում», - նշել է նա:

Մասնավորապես, հետազոտությամբ պարզվել է, որ երիկամի փոխպատվաստման ենթարկված հիվանդները, դիալիզի օգնությանը դիմողների հետ համեմատությամբ, երկարաժամկետ հեռանկարում մահացության 48-82 տոկոսով ցածր ցուցանիշ են գրանցում:

Մեկ տարվա ընթացքում իրականացվող 16 հազար վիրահատություններից 30-40 տոկոսի պարագայում օրգանը կենդանի դոնորից է ստացվում: Այդ պարագայում հաջող փոխպատվաստման հավանականությունը առավել բարձր է:

3. Բոլորը չէ, որ կարող են երիկամի փոխպատվաստման ենթարկվել. Դոկտոր Պոջիոն բազմաթիվ գործոններ է մատնանշել, որոնց ազդեցությամբ փոխպատվաստման օգտակարությունը կարող է որոշվել: Դրանց թվում է այլ հիվանդությունների, մասնավորապես՝ շաքարախտի եւ սրտանոթային խանգարումների առկայությունը: 

4. Բուժումը զգուշամտություն է պահանջում. Դիալիզի պարագայում բուժհաստատության ընտրությունը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ կյանքի որակի եւ տեւողության վրա: Այս տեսանկյունից նույնիսկ ամենափոքր՝ միջավայրային ազդեցությունը, կարող է նշանակալի անդրադարձ ունենալ: «Անպայման հարցրեք, թե որքան հաճախ եք բժշկին տեսնելու, սարքավորումների ինչպիսի հագեցվածություն ունեն եւ անձնակազմի որակավորման մասին տեղեկացեք: Եթե ճիշտ վայրում եք հայտվել՝ պետք է ամեն տեսակի աջակցություն ստանաք: Բացի այդ, մի երկմտեք՝ փոխպատվաստման տարբերակի հնավարության մասին տեղեկություն ստանալու համար. կախված առողջական վիճակից՝ դա լավագույն լուծումը կարող է լինել», - խորհուրդ է տալիս դոկտոր Հեյկան:



© NEWS.am Medicine