Մեծ Բրիտանիայում 75 հազար մարդկանց ԴՆԹ-ի տվյալներն են ուսումնասիրելու

19:01   1 օգոստոսի, 2014

Մեծ Բրիտանիայում մտադիր են քաղցկեղով եւ հազվագյուտ հիվանդություններով տառապող 75 հազար մարդկանց ԴՆԹ-ի տվյալները ուսումնասիրել, գրում է The Guardian պարբերականը: Թերթի հաղորդմամբ, գենետիկ սեքվենավորման լայնածավալ նախագիծը չորս տարի է տեւելու: Երկրի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի խոսքով, հետազոտությունը կարող է առողջության համար սպառնալիք ներկայացնող հիվանդությունների ախտորոշման եւ մեթոդների նշանակալի փոփոխության հանգեցնել:

Մասնավորապես, ուռուցքային բջիջների աճին հանգեցնող մուտացիաների բացահայտման նպատակով, քաղցկեղով տառապող հիվանդների առողջ եւ քաղցկեղակիր հյուսվածքներն են ուսումնասիրվելու: Նախագծի հեղինակները մտադիր են նաեւ գենետիկ մուտացիաներով պայմանավորված հազվագյուտ հիվանդությունների ախտորոշման եղանակները բարելավել:

Նախագծի ընդհանուր արժեքը 300 մլն ֆունտ ստեռլինգ է գնահատվում: Լոնդոնում, Քեմբրիջում եւ Նյուքասլում իրականացվող պիլոտային ծրագրի շրջանակում մի քանի հարյուր հիվանդներից ԴՆԹ-ի առաջին նմուշներն են ստացվել: Հետազոտության իրականացման համար անհրաժեշտ սարքավորումները, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, քալիֆորնիական Illumina ընկերությունն է տրամադրելու: 

Վարչապետի հայտարարության մեջ նշվում է, որ մի քանի տարի անց Մեծ Բրիտանիան կարող է գենետիկ հետազոտությունների ոլորտում համաշխարհային առաջատարի դերը ստանձնել:



© NEWS.am Medicine