30 տարի անց հղիության կարիք այլեւս չի՞ զգացվի

21:54   15 օգոստոսի, 2014

Գիտնականների համոզմամբ, 30 տարի անց կանանց մոտ երեխա ունենալու համար հղիանալու կարիք չի զգացվի: Մինչ այդ արհեստական արգանդում երեխաներ աճեցնելու տեխնոլոգիան՝ էկտոգենեզը կարող է լայն տարածում ստանալ, հաղորդում է Daily Mail-ը:

Վերոհիշյալ տեխնոլոգիայի մշակմանն ուղղված աշխատանքները դեռեւս 2001թ.-ին են մեկնարկել: Ամեն ինչ հատուկ հյուսվածքների օգնությամբ ստացված արհեստական արգանդից սկսվեց: Այնուհետեւ լաբորատոր մկների նկատմամբ փորձարկումներ իրականացվեցին, ինչի արդյունքում հաջողվեց կրծողների սաղմեր զարգացնել: Իսկ առջեւում դեռ մարդկանց նկատմամբ փորձարկումներն են, որոնք կարող են բնական հղիությունը հնաոճ դարձնել:

էկտոգենեզն արդեն իսկ կողմնակիցների ու հակառակորդների բանակ է հավաքել: Ընդ որում, արհեստական հղիության ջատագովները հիշեցնում են, որ այդ կերպ բժիշկներին երեխայի աճին մանրազննին կերպով հետեւելու հնարավորություն է ընձեռնվում, ինչը կարող է վաղաժամ ծննդաբերության, վիժման, հղիության ընթացքում լուրջ բարդությունների առաջացման եւ այլ վտագների հաճախականության բազմակի նվազեցում ենթադրել: Կանայք այլեւս ստիպված չեն լինի տոքսիկոզի եւ դեպրեսիայի հետ բախվել, սննդակարգի սահմանափակում նախաձեռնել, մեծ որովայով փողոց դուրս գալ եւ ոչ այնքան գեղեցիկ հագուստ կրել:

Տեխնոլոգիայի հակառակորդների պնդմամբ՝ այն հակասում է էթիկայի կանոններին: Բացի այդ, հղիության եւ նոր կյանքի ծագման սուրբ խորհուրդն է խախտվում: Նշանակալիորեն նվազում է նաեւ կնոջ դերը՝ ապագա մայրն իր օրգանիզմից սնունդ չի տրամադրում երեխային եւ նրա հանդեպ էմոցիոնալ կապից է զրկվում: Իսկ փոքրիկի՝ լույս աշխարհ գալուն պատրաստվելու գործընթացը, որի հետ կապված ծնողների մոտ այնքան հաճելի հիշողություններ են ծնվում, կարող է մեխանիկական եւ անանձնային աշխատանքի վերածվել:

Արհեստական արգանդը, հղիության գործընթացի մեկնարկի համար, բացի բեղմնավորված ձվաբջջից, նաեւ սնուցիչներով եւ թթվածնով մատակարարման համակարգի եւ ամինիոտիկ հեղուկի կարիք է զգում: Էկտոգենեզ իրականացնելիս ապագա երեխային «մեքենա-ընկերքին» են միացնում, որպեսզի հատուկ տվիչների օգնությամբ նրա բոլոր կենսական ցուցանիշներին եւ աճի տեմպերին հետեւելու հնարավորություն ընձեռնվի:

Միանգամայն հնարավոր է, որ տեխնոլոգիան միայն այն կանանց համար գործարկվի, որոնք ի վիճակի չեն հղիանալ, այսինքն՝ ընդամենը սուրոգատ մայրությանը փոխարինելու գա:



© NEWS.am Medicine