Հավելյալ քաշը կարող է թուլամտությա՞ն հանգեցնել

22:10   22 օգոստոսի, 2014

Գիտնականները զգուշացնում են, որ 30 տարեկան մարդկանց մոտ նկատվող հավելյալ քաշը կարող է թուլամտության առաջացման ռիսկի եռապատկման հանգեցնել: Հիշյալ տարիքում ճարպակալում ունեցող մարդկանց հիշողության կորստին եւ այլ կոգնիտիվ կարողությունների վատթարացմանը միտված գործընթացների արագացում է սպառնում, հաղորդում է The Daily Mail-ը:

Օքսֆորդի համալսարանականների համար այլեւս կասկած չի հարուցում այն հանգամանքը, որ ճարպակալման առաջացման տարիքը վճռորոշ նշանակություն ունի մարդու մտավոր առողջության հարցում: Ընդ որում, կախված տարիքից, խոսքը միայն ռիսկի ցածր կամ բարձր լինելու մասին է գնում: Օրինակ՝ թուլամտության առաջացման ռիսկին առավելապես 30 տարեկան՝ հավելյալ քաշ ունեցող մարդիկ են ենթակա: Իսկ ահա 70 տարեկանում ճարպակալման նշաններ ցույց տվող մարդկանց պարագայում գնահատվող ռիսկը գրեթե հավասար է այն մարդկանց վերագրվող ցուցանիշին, ովքեր երբեք ճարպակալմամբ աչքի չեն ընկել:

Հետազոտության հեղինակները 1999-2011թթ.-ին Մեծ Բրիտանիայի բուժհաստատություններում գրանցված տվյալներն են ուսումնասիրել, ինչի արդյունքում պարզվել է, որ հոսպիտալացված հիվանդներից 451232-ին «ճարպակալում» ախտորոշումն է տրվել: Բուժհաստատության օգնությանը դիմած՝ հավելյալ քաշից տառապող հիվանդներից 19-ի մոտ համեմատաբար երիտասարդ տարիքում է թուլամտություն առաջացել (40-50 տարեկան): Նրանց պարագայում հիվանդության զարգացման արագությունը միջին ցուցանիշից ավելի քան երեք անգամ բարձր է գնահատվել: 40-ամյա՝ «ճարպակալմամբ» ախտորոշված հիվանդների մոտ թուլամտության զարգացման հավանականությունը, միանգամայն առողջ մարդկանց հետ համեմատությամբ, 70 տոկոսով բարձր է ճանաչվել, իսկ ահա 60-ամյա հիվանդների մոտ՝ 40 տոկոսով բարձր: Կոնքերի հաստացման հետ առաջին անգամ կյանքի 70-րդ տարեդարձից հետո առնչված մարդկանց պարագայում ռիսկային աճ չի նկատվել, իսկ 80 տարեկաններն առողջ մարդկանցից 22 տոկոսով ցածր ցուցանիշով են աչքի ընկել:

Փորձագետները հստակ պատկերացում չունեն, թե ինչու է ճարպակալումը թուլամտության հանգեցնում: Միգուցե երեւույթի պատճառը զարկերակների ցածր ճկունությունն ու արյան բարձր ճնշումն է:

Նախընթաց հետազոտությունների արդյունքներով եւս հաստատվել է, որ որովայնային ճարպակալումը ուղեղի վրա բացասաբար անդրադառնալու միտում ունի: Ամենայն հավանականությամբ, ազդեցության պատճառը ցածր նյութափոխանակային ակտիվությունն է, ինչը կարող է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի եւ արյան ճնշման ու շաքարի բաղադրության ավելացում հրահրող գործոնների աճ խթանել:



© NEWS.am Medicine