Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տարածված տենդը Էբոլայի հետ առնչություն չունի

16:41   23 օգոստոսի, 2014

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության առնվազն 70 բնակիչներ մահացու վտանգավոր հիվանդության՝ հեմոռագիկ գաստրոէնտերիտի համաճարակի զոհն են դարձել: Ավելի վաղ կասկած էր շրջանառվում, թե մահացության պատճառը Էբոլա հեմոռագիկ տենդն է: Սակայն առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչները վարկածի հերքմամբ են հանդես եկել, նշելով, թե «խոսքն Էբոլայի մասին չէ», - հաղորդում է Reuters գործակալությունը: Այդուհանդերձ, վերը հիշատակված հիվանդության ախտանշանները նման են աֆրիկյան մայրցամաքը սարսափի մեջ պահող հեմոռագիկ տենդի դրսեւորումներին:

ԱՀԿ-ի կողմից տարածված զեկույցի մեջ նշվում է, որ հեմոռագիկ գաստրոէնտերիտով վարակման 592 դեպք է արձանագրվել, որոնցից 70-ի դեպքում՝ մահվան ելքով: Հեմոռագիկ հիվանդության համաճարակի զոհերից 5-ը բուժանձնակազմի անդամներ են, որոնցից մեկը՝ բժիշկ:

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սահմանակից չէ Արեւմտյան Աֆրիկայի այն երկրներին, որտեղ ընթացիկ տարվա փետրվար ամսից ի վեր Էբոլա վիրուսն է մոլեգնում: Այդուհանդերձ, մահացու տենդով վարակման առաջին դեպքը 1976թ-ին հենց այս երկրի հյուսիսային շրջաններում մեկում՝ Էբոլա գետի ավազանում է գրանցվել:

ԱՀԿ-ն օգոստոսի 18-ին հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասվում է, որ Էբոլա տենդի՝ Գվինեայում, Լիբերիայում, Սիերա-Լեոնեում եւ Նիգերիայում տարածման արդյունքում զոհերի թիվը 1350-ի է հասել, վարակվածներինը՝ 2473:

Էբոլա  հեմոռագիկ տենդը մահացու հիվանդություն է, որը վարակված մարդու արյան եւ օրգանիզմից արտանետվող հեղուկ զանգվածների, ինչպես նաեւ դրանցով ախտահարված իրերի հետ անմիջական շփման արդյունքում է տարածվում: Տենդի դեմ որեւէ հատուկ բուժամիջոց կամ պատվաստանյութ դեռեւս չի մշակվել:

Ավելի վաղ ԱՀԿ-ն Էբոլայի ներկայիս՝ գոյության 40 տարիների ընթացքում ամենախոշոր բռնկման արդյունքում միջազգային առողջապահությանը սպառնացող վտանգի մասին էր հայտարարել:



© NEWS.am Medicine