Մազերն արեւից պաշտպանելու լավագույն եղանակները

17:52   25 օգոստոսի, 2014

Բոլորը գիտեն, որ արեւի ճառագայթները կարող են վնասակար լինել մարդու մաշկի համար, սակայն որ այդ նույն՝ A եւ B ուլտրամանուշակագույն ճառագայթները նաեւ մազերի համար են վնասակար՝ քչերին է հայտնի:

Մազերի՝ արեւից վնասված լինելու նշաններից են գունաթափումը, չորությունն ու փխրունությունը, ջարդվող եւ երկատվող ծայրերն ու բարակեցումը: Բացի այդ, ուլտրամանուշակագույն ճառագայթներից վնասված մազերը դժվարությամբ են գանգրացվում կամ որեւէ այլ ոճային տեսքի բերվում, եւ խոնավություն ձեռք բերելուց հետո էլ շատ արագ չորանում են:

Արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների նկառմամբ հատկապես բաց գույնի մազերն են խոցելի:

Այդուհանդերձ, բոլորն էլ դրանցից պաշտպանվելու հնարավորություն ունեն:

«Արեւը նախ եւ առաջ սպիտակեցնող ազդեցություն է ապահովում մազերի նկատմամբ», - նշում է հայտնի մաշկաբան դոկտոր Վիլմա Բերգֆելդը: Այն անդառնալի քիմիական ռեակցիայի մեջ է մտնում մազերի մեջ առկա գունակի՝ մելանինի հետ եւ գունաթափման պատճառ դառնում: Միաժամանակ նաեւ վարսերի կուտիկուլներն ու կերատին անունը կրող սպիտակուցներն են վնասվում:

Դոկտոր Բերգֆելդի խոսքով, հատկապես բաց գույնի մազեր ունեցող մարդկանց մոտ արեւից պաշտպանության համար անհրաժեշտ գունակի պակաս է զգացվում: Իսկ ահա մուգ գույնի եւ կոշտ մազեր ունեցող մարդկանց մոտ, պիգմենտների հարուստ պաշարից բացի, նաեւ բարձր յուղայնություն է նկատվում, ինչը եւս կարող է պաշտպանիչ ազդեցություն ապահովել:

Քլորացված ջուրն ու առավել բաց երանգներով ներկված մազերը կարող են գլխի մազածածկույթն առավել խոցելի դարձնալ՝ ամռան տապից ու արեւի ճառագայթներից հրահրված սթրեսի նկատմամբ: Թվարկված գործոնները նախ եւ առաջ մազերի կերատինն են վնասում եւ ճառագայթների ու բարձր ջերմաստիճանի ներթափանցման համար առավել հարմարավետ միջավայր ստեղծում:

«Եթե ամռան ամիսներին գունաթափել եք ձեր մազերը կամ առավել բաց երանգ հաղորդել, կարող եք համարել, որ արդեն իսկ արեւի ճառագայթների նկատմամբ խոցելի մազածածկույթ ունեք: Իսկ եթե, դրան էլ գումարած, քլորացված ջուր պարունակող լողվազան եք մտնում եւ գլուխը բաց արեւի տակ նստում՝ կարող եք վստահ լինել, որ մազերի լուրջ վնասվածք եք ստանալու», - զգուշացնում է դոկտոր Բերգֆելդը:

Իսկ ինչպե՞ս պաշտպանվել

Ի՞նչ անել, եթե ամռան ամիսներին չեք ցանկանում տանը նստել, բայց վնասված մազեր ունենալու գաղափարն էլ հաճելի չի թվում ձեզ: Դոկտոր Բերգֆելդը հետեւյալ խորհուրդներն է առաջարկում.

• Առավոտյան եւ երեկոյան ժամերին դուրս եկեք տնից, ինչպես որ մաշկի պաշտպանության նպատակով է արվում:

• Գլխարկ կամ հովանոց կրեք: «Արեւայրուքի դեմ քսուքի նմանությամբ, մազերի՝ արեւից պաշտպանությանը միտված կոսմետիկ միջոցներ գոյություն չունեն», - նշում է մասնագետը:

• Եթե քլորացված ջուր պարունակող լողավազան եք մտել, անմիջապես մաքուր ջրով ցնցուղ ընդունեք՝ մազերը քլորից ու աղից ազատելու համար:

Բացի վերը նշվածներից, հարկավոր է մազերի գույնին եւ տիպին, ինչպես նաեւ բնակլիմայական պայմաններին հարմար կոնդիցիոներ օգտագործել:



© NEWS.am Medicine