Էբոլայի դեմ մշակված փորձարարական պատվաստանյութով բուժվող լիբերիացի բժիշկը մահացել է

10:22   26 օգոստոսի, 2014

Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված լիբերիացի բժիշկներից մեկը՝ Աբրահամ Բորբորը (Abraham Borbor), ով երկրի մայրաքաղաք Մոնրովիայի հիվանդանոցներից մեկում ZMapp փորձարարական պատվաստանյութով բուժման կուրս էր անցնում, մահացել է: Այս մասին տեղեկությունը Լիբերիայի տեղեկատվության նախարար Լյուիս Բրաունն (Lewis Brown) է տարածել, հաղորդում է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված 2 լիբերիացի եւ մեկ նիգերիացի բժիշկներ ZMapp փորձարարական պատվաստանյութով բուժման կուրս էր անցնում Մոնրովիայում: Հիշյալ մասնագետներն առաջին տեղացիներին էին, որոնց փորձարարական դեղամիջոցի օգնությամբ ապաքինվելու հնարավորություն էր առաջարկվել: Նախորդ շաբաթ տեղեկություններ էին ստացվել առ այն, որ երեք աֆրիկացիների առողջական վիճակի «նշանակալի բարելավում» է նկատվում:

Էբոլայի դեմ մշակված ZMapp փորձարարական պատվաստանյութը օգոստոսի առաջին օրերին է Միացյալ Նահանգներից Լիբերիա տեղափոխվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդմամբ, ներկայիս դրությամբ դեղամիջոցի առավելագույնը 10-12 սրվակ գոյություն ունի:



© NEWS.am Medicine