Բրիտանացի բժիշկը խորհուրդ է տալիս գրասենյակում երբեմն կանգնած աշխատել

19:49   26 օգոստոսի, 2014

Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության ներկայացուցիչ պրոֆեսոր Քեւին Ֆենտոնի համոզմամբ, գրասենյակային աշխատողները օրական առնվազն 1 ժամ պետք է ոտքի վրա անցկացնեն՝ ճարպակալումից եւ սրտանոթային հիվանդություններից խուսափելու համար: Մասնագետը խորհուրդ է տալիս աշխատանքի ընթացքում անպայման ընդմիջում վերցնել, բացի այդ էլ՝ որոշ ժամանակ կանգնած աշխատել:

The Daily Mail-ի հաղորդմամբ, Մեծ Բրիտանիայի իգական սեռի ներկայացուցիչների ավելի քան 40 տոկոսը եւ տղամարդկանց երրորդ մասը չեն հետեւում ֆիզիկական ծանրաբեռնվածության նորմերին (շաբաթական հինգ անգամ՝ 30 րոպե տեւողությամբ վարժություններ): Մինչդեռ, ինչպես Հարվարդի համալսարանականներն են պնդում, նստակյաց կյանքը նույնպես, ինչպես եւ ծխախոտը, կարող է վնասակար ազդեցություն ունենալ առողջության վրա: Մասնավորապես, ցուցանիշներն այն մասին են վկայում, որ եթե բոլոր՝ ֆիզիկապես ոչ ակտիվ մարդիկ սպորտով զբաղվեին, տարեկան հնարավոր կլիներ սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից եւ շաքարախտից մահացության 5,3 մլն դեպքերից խուսափել: Համեմատության համար նշենք, որ յուրաքանչյուր տարի ծխելու սովորության արդյունքում գրանցված մահվան դեպքերի թիվը 5 միլիոնի է հասնում:

Պրոֆեսոր Ֆենտոնի պնդմամբ, գրասենյակում 6-7 ժամ նստած անկացնելու դեպքում աշխատակիցները ծայրահեղ վնաս են հասցնում իրենց առողջությանը: Մասնագետը խորհուրդ է տալիս օրական առնվազն երկու անգամ կես ժամ ոտքի վրա անցկացնել, ինչի արդյունքում կարելի է ոչ միայն կեցվածքն ու արյան շրջանառությունը կարգավորել, այլ նաեւ՝ ընդհանուր շարժունակությանը նպաստել, քանի որ ուղղահայաց դիրքը սրտի կծկումների հաճախականությունը րոպեի ընթացքում տասը հարվածով խթանելու հնարավորություն է ընձեռում, ինչն էլ, իր հերթին, կարող է նույն ժամանակահատվածի ընթացքում հավելյալ 0,7 կալորիայի այրման պատճառ դառնալ:  «Կանգնած ժամանակ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ շարժումներ կանեք, իսկ եթե փորձեք վերելակի փոխարեն աստիճաններից օգտվել՝ այրված կալորիաների քանակն ավելի կմեծանա», - մեկնաբանել է պրոֆեսոր Ֆենտոնը:



© NEWS.am Medicine