Քաղցկեղն անհաղթահարելի՞ է

11:47   26 օգոստոսի, 2014

Գիտնականները պարզել են, որ քաղցկեղը մարդ արարածի մշտական ուղեկիցն է եղել: Եվ, գործնականում, այն հնարավոր չէ հաղթահարել, քանի որ բջջիջների բնօրինակ հատկանիշներով եւ զարգացած կառույցով է աչքի ընկնում:

Գերմանիայում գործող Կիլի համալսարանը եւ Խորվաթիայի կաթոլիկ համալսարանը ներկայացնող գիտնականների համատեղ խմբի անդամները վստահ են, որ քաղցկեղի դեմ՝ 1970-ական թվականներից մեկնարկած պատերազմը հնարավոր չէ հաղթել, քանի որ հիշյալ հիվանդությունը շատ ավելի բարձր մակարդակի զարգացում է ապրել, քան նախկինում էր համարվում: Եվ չնայած այն հանգամանքին, որ ողջ աշխարհում միլիարդավոր դոլարներ պահանջող բազմաթիվ գիտական նախագծեր են իրականացվում, հիվանդությունը շարունակում է անհաղթահարելի մնալ, քանի որ քաղցկեղի առաջացման համար հենց մարդու բջիջներին բնորոշ ներքին կառույցն է պատասխանատու:

Կենսաբան-էվոլյուցիոնիստները, մասնավորապես, բնական ուռուցքների առաջին վկայություններն են հայտնաբերել հիդրայի երկու տեսակների (քաղցրահամ ջրերում բնակվող օրգանիզմներ) մոտ, հաղորդում է Daily Mail-ը: Հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ առաջին բազմաբջիջ կենդանիների մոտ առկա են եղել այնպիսի գեներ, որոնց կարող են, այդ թվում նաեւ՝ մարդու մոտ, քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:

Հիդրաների մոտ փոքրիկ պոլիպների տեսքով՝ հարյուր միլիոնավոր տարիներ առաջ հայտնված քաղցկեղի առկայությունն այն մասին է վկայում, որ հիվանդությունը կենդանի օրգանիզմի զարգացման անբաժանելի մասն է հանդիսանում, համոզված են գիտնականները: «Քաղցկեղը նույնքան հին է, որքան Երկիր մոլորակի վրա ի հայտ եկած բազմաբջիջ օրգանիզմները կարող են լինել, ուստի եւ երբեք չի կարող արմատախիլ արվել», - համոզմունք է հայտնել հետազոտության մասնակիցներից մեկը՝ պրոֆեսոր Տոմաս Բոշը:

Ըստ էության, լույս աշխարհ գալուն պես յուրաքանչյուր մարդ իր օրգանիզմում դանդաղ ներգործությամբ ռումբ է կրում, եւ ցանկացած պահի բջիջները կարող են քաղցկեղի զարգացում հրահրող սխալ թույլ տալ:

 



© NEWS.am Medicine