Ռուս բժիշկները Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ փորձարարական պատվաստանյութ են մշակել

16:49   26 օգոստոսի, 2014

Ռուս մասնագետները Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ՝ նախակլինիկական փորձարկումների փուլում դրական արդյունքներ ցույց տված փորձարարական պատվաստանյութ են մշակել, ՌԻԱ-Նովոստի գործակալության վկայակոչմամբ, հաղորդել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

«Գվինեա մեկնած մեր առաջամարտիկների խումբը, որի անդամները ՌԴ առողջապահության նախարարության Իվանովսկիի ինստիտուտն ու Ռոսպոտրեբնազդորի կետրոններից մեկն են ներկայացնում, այլեւս հայրենիք է վերադարձել: Մենք արդեն բավականաչափ տեղեկություններ ունենք հիվանդության հարուցիչի ու դրա բնութագրական տվյալների մասին եւ դրական արդյունքներով նախակլինիկական փորձարկումներն անցած փորձարարական պատվաստանյութ ենք մշակել», - հայտարարել է Սկվորցովան: 

Նախարարն ընդգծել է, որ ներկայումս պատվաստանյութի հետագա փորձարկումներն են ընթանում եւ հույս հայտնել, որ դրանք եւս դրական արդյունքներով աչքի կընկնեն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն, մինչ օրս Էբոլա հեմոռագիկ տենդով վարակման 2615 դեպք է գրանցվել, որոնցից 1427-ը՝ մահվան ելքով: Արեւմտյան Աֆրիկայի չորս երկրներին, որտեղ նախընթաց ամիսների ընթացքում մահաբեր հիվանդության բռնկումներ են արձանագրվել, նախօրեին նաեւ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունն է ավելացել: Մի քանի օր առաջ այստեղ եւս հիվանդության՝ 13 դեպքերում մահվան ելքի հանգեցրած օջախ է հայտնավերվել:

 



© NEWS.am Medicine