Շաքարախտը շուտով կհաղթահա՞րվի

11:58   28 օգոստոսի, 2014

Մելբուրնցի գիտնականները հեղափոխական բացահայտում են հեղինակել, ինչը կարող է աուտոիմուն հիվանդությունների հաղթահարման հեռանկար պարունակել, հաղորդում է SBS-ը: Մասնավորապես, առաջին տիպի շաքարախտը կարող է պատմության գիրկն անցնել: Հիշեցնենք, որ նշված հիվանդությունը իմունային համակարգի կողմից ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջների նկատմամբ հարձակումներով է բնորոշվում, ինչի արդյունքում օրգանիզմը կարող է արյան մեջ գլյուկոզայի բաղադրությունը կարգավորելու հնարավորությունից զրկվել:

Գիտահետազոտական խմբի անդամները, Ստյուարտ Մաններինգի գլխավորությամբ, վեց տարի շարունակ ի վերջո առաջին տիպի շաքարախտից մահացած 18-ամյա մի երիտասարդի ենթաստամոքսային գեղձի բջիջների աշխատանքին են հետեւել: Մասնավորապես, նրանց հաջողվել է հիշյալ բջիջների մեկուսացում եւ ոչ ճիշտ աշխատող իմունային բջիջների հետ փոխգործակցության դիտարկում իրականացնել:

Մասնագետները իմունային արձագանք դրսեւորող հատվածներում ենթաստամոքսային գեղձի բջիջների համար ինսուլինի առկայությունը ճիշտ եղանակով ընկալելու միջոց են հայտնաբերել: Այնպես, որ ճշգրտումներ մտցնելով, հնարավոր կլինի աղետալի գործընթացի երկարաձգման կամ արգելակման հանգել: Չի բացառվում, որ առաջիկայում, բացահայտման արդյունավետության հաստատման նպատակով, կլինիկական փորձարկումներ մեկնարկեն:



© NEWS.am Medicine