Ուղեղի հատվածներից մեկի վրա ազդեցությունը կարող է դեպրե՞սիայից ազատել

17:07   28 օգոստոսի, 2014

Գիտնականներն ուղեղի մի հատված են հայտնաբերել, որը ֆիզիկական վարժությունների նկատմամբ մոտիվացիայի համար է պատասխանատու: Հետազոտության արդյունքները, Science World Report-ի հաղորդմամբ, կարող են դեպրեսիայի բուժմանը միտված նոր մեթոդների մշակման հանգեցնել: Փորձարկումների ընթացքում, մասնավորապես, պարզ է դարձել, որ էպիթալամուսի սանձիկը լաբորատոր մկների մոտ ֆիզիկական ակտիվություն դրսեւորելու հատկությամբ է աչքի ընկնում: Մարդու մոտ այն նմանատիպ կառույցով եւ, ամենայն հավանականությամբ, գործառույթներով (տրամադրության եւ մոտիվացիայի կարգավորում) է աչքի ընկնում: 

Լաբորատոր փորձարկումների ընթացքում գիտնականները գենետիկորեն փոփոխությունների ենթարկված մկների ուղեղի հիշյալ հատվածից արձակվող ազդակների արգելափակում են նախաձեռնել, ինչը արդյունքում կրծողները սկսել են սովորականից քիչ վազել եւ առանձնակի ծուլությամբ աչքի ընկնել: Բացի այդ, քաղցրահամ ջուրն այլեւս դուր չի եկել նրանց: «Ֆիզիկական ակտիվության փոփոխությունը եւ նախկինում հաճելի թվացող երեւույթներից բավականություն ստանալու անկարողությունը դեպրեսիայի հիմնական ախտանշաններն են հանդիսանում: Այլեւս տեղյակ լինելով, թե տվյալ տիպի մոտիվացիայի համար ուղեղի որ հատվածն է պատասխանատու, կարող ենք հենց այդ ուղղությամբ ներգործության եղանակ գտնել եւ ողջ ուղեղի ակտիվության վրա ազդելու հեռանկարից խուսափել», - մեկնաբանել է հետազոտական խմբի անդամ Էրիկ Տերները:

Էպիթալամուսի սանձիկի գործառույթների փոփոխման ենթարկված մկների մոտ վազելու ցանկության բացակայություն է նկատվել, չնայած այն հանգամանքին, որ ֆիզիկական ունակությունների պակաս չի արձանագրվել:  Ըստ էության, գիտնականները նրանց նստակյաց կենդանիների են վերածել: «Հոգեկան առողջության պահպանման նպատակով իրականացվող աշխատանքներն առանձնակի բարդությամբ են աչքի ընկնում, քանի որ բուժման նոր մեթոդների մշակմանը միտված գիտահետազոտական աշխատանքները խիստ հազվադեպ են առաջընթաց արդյունքների հանգեցնում: Մինչդեռ որքան շատ բան իմանանք ուղեղի կողմից իրականացվող գործառույթների մասին, այնքան մեծ կլինեն հնարավորությունները՝ հոգեկան հիվանդություններով տառապող մարդկանց բուժման համար», - նշել է Էրիկ Տերները:



© NEWS.am Medicine