Ողջ հղիությունը՝ վեց վայրկյանի ընթացքում

22:41   28 օգոստոսի, 2014

Սան Ֆրանցիսկոյի բնակիչներից մեկի կողմից համացանցում տեղակայված՝ ռեժիսորական հնարքների օգնությամբ կնոջ ողջ հղիությունը վեց վայրկյանի ընթացքում նկարագրող տեսանյութը վերջին վեց օրերի ընթացքում ավելի քան 9 մլն դիտումների եւ 38 հազար «հավանումների» է արժանացել:

Ամուսինը ինը ամիս շարունակ նկարահանել է կնոջ աճող փորիկը եւ ապա, վարպետորեն կրճատելով այն, մինչեւ վեց վայրկյան տեւողությամբ հիշարժան տեսանյութի հասցրել, որի վերջին դրվագում կինը նորածին փոքրիկի ճակատն է համբուրում,  հաղորդում է Daily Mail-ը:

Ընդ որում, տեսանյութի ողջ ընթացքում կինը, ով մասնագիտությամբ գեղանկարիչ է եւ քաղաքում գործող ժամանակակից արվեստների թանգարանում բազմաթիվ ցուցադրություններ է հեղինակել, նույն՝ սեւ զգեստով է ներկայանում, իսկ սանրվածքը՝ աննշան փոփոխություներ կրում: Բացի այդ, կեցվածքն էլ նույն է՝ ձեռքերը մեջքին դրված, որպեսզի աճող փորիկն առավել աչքի զարնի:

Տեսանյութն առաջին հայացքից կարող է պարզ թվալ, սակայն իրականում բարդ եւ քրտնաջան աշխատանքի արդյունք է: Yahoo News-ի հաղորդմամն, ամուսինը յուրաքանչյուր ամիս առնվազն երկու նկարահանում է իրականացրել եւ ստացված կադրերն այնպիսի վարպետությամբ միացրել, որ անցումները հստակ ստացվեն: Դե իսկ վերջում էլ տեսանյութին երաժշտություն եւ կրկնման ռեժիմ է ավելացրել՝ նույն կադրերն անընդհատ վայելելու համար:

Այդուհանդերձ, տաղանդավոր ամուսինը ոչ միայն տեսանյութի մոնտաժի վարպետությամբ է փայլում, այլեւ, իր իսկ վկայությամբ, հավակնում է «աշխարհի ամենաերջանիկ հայրը» լինել: Նա համացանցում եւս մեկ տեսանյութ է տեղակայել, որտեղ փոքրիկ ձեռքերով հայրիկի մատը բռնած երեխան է ներկայանում:



© NEWS.am Medicine