Ո՞ր մթերքներն են օգտակար վահանաձեւ գեղձի համար

09:42   14 դեկտեմբերի, 2021

Ո՞ր մթերքներն են օգտակար վահանաձեւ գեղձի համար եւ օգնում են լրացնել օրգանիզմում յոդի պակասը: Այս մասին իր կարծիքն է հայտնել բժիշկ-սննդաբան Իրինա Ռիլը (Ռուսաստան)։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ վահանաձեւ գեղձի բնականոն աշխատանքի համար յոդ պարունակող մթերքներ են անհրաժեշտ։ Որպես իդեալական տարբերակ՝ մասնագետը նշել է ջրիմուռը, ծովամթերքը, ծովային ձուկը, ֆեյխոան, խուրման եւ ընկուզեղենը։

Բացի այդ, դիետոլոգը կոչ է արել հորմոնների արտադրության համար թիրոզին պարունակող մթերքներ ուտել:

«Այս ամինաթթուն պարունակվում է ավոկադոյի, կիվիի, թզի, ծիրանի, բանանի մեջ: T3 եւ T4 հորմոնների արտադրության համար սելեն է անհրաժեշտ: Դրա պարունակությամբ առաջատարը բրազիլական ընկույզն է»,- ասել է Ռիլը:

Հարկ է նշել, որ մթերքներում յոդի պարունակությունը կարող է կախված լինել նրանից, թե որ երկրից են այդ մթերքները: Օրինակ՝ Հայաստանում աճեցվող ընկուզեղենում յոդի պարունակությունը շատ ցածր է, քանի որ մեր տարածաշրջանում հողում եւ ջրում նույնպես շատ քիչ յոդ կա։

 



© NEWS.am Medicine