Լիբերիացի բուժքույրերը Էբոլայի դեմ պաշտպանական միջոցների բարելավում են պահանջում

09:35   2 սեպտեմբերի, 2014

Լիբերիայում, որտեղ ներկայումս Էբոլա հեմոռագիկ տենդն է մոլեգնում, բուժքույրերը գործադուլ են հայտարարել՝ աշխատավարձը բարձրացնելու եւ վարակումից պաշտպանող միջոցները բարելավելու պահանջով:

Մոնրովիայի բուժհաստատություններից մեկում գործադուլավորների ներկայացուցիչ Ջոն Տուգբեխը հայտարարել է, թե բուժքույրերը չեն պատրաստվում աշխատանքի վերադառնալ, քանի դեռ պաշտպանության անհատական միջոցներ չեն ստացել: «Էբոլա տենդի տարածման մեկնարկի պահից ի վեր պաշտպանական միջոցներ չենք ունեցել, ինչի արդյունքում բազմաթիվ բժիշկներ են հիվանդությամբ վարակվել: Մենք այսուհետ առանց պաշտպանության անհատական միջոցների քայլ անգամ չենք անի տնից», - AFP գործակալության վկայակոչմամբ, հայտարարել է Տուգբեխը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, ներկայումս Էբոլա մահացու վիրուսով վարակման դեպքերի թիվը առնվազն 3 հազար է կազմում, որոնցից 1552-ը՝ մահվան ելքով: Կազմակերպությունը ներկայացնող փորձագետները մտահոգություն են հայտնել, որ առաջիկայում վարակվածների թիվը կարող է 20 հազարի նշաձողը հատել: Մինչ այժմ վարակման դեպքեր աֆրիկյան 6 երկրներում՝ Լիբերիայում, Սիերա-Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում եւ Սենեգալում են արձանագրվել:



© NEWS.am Medicine