Հայրապետ Գալստյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

13:05   2 սեպտեմբերի, 2014

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, հանդիպել կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին եւ բուժանձնակազմին: Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից Հովիկ Աբրահամյանը ջերմորեն շնորհավորել է Հայրապետ Գալստյանին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ։

Առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար Հովիկ Աբրահամյանը Հայրապետ Գալստյանին պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Հայրապետ Գալստյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ բարձր գնահատանքի համար, եւ նշել, որ վարչապետի պարգեւը պատկանում է կենտրոնի ողջ անձնակազմին: Անվանի պրոֆեսորը վստահեցրել է, որ կենտրոնը հետայսու եւս իր առավելագույն ջանքերը կներդնի հասարակությանը բարձրորակ ծառայություններ մատուցելու գործում:

Տեղեկացվել է, որ կենտրոնում ներկայում աշխատում է 570 մարդ, որոնցից 180-ը՝ բժիշկներ: Կենտրոնը տարեկան սպասարկում է միջինը 4500 հիվանդի, իսկ տարվա ընթացքում այստեղ կատարվում է շուրջ 3500 վիրահատություն: Հայրապետ Գալստյանի խոսքով՝ տարբեր բուժհաստատությունների և Երևանի բժշկական համալսարանի բազմաթիվ բուժաշխատողներ ու ուսանողներ իրենց վերապատրաստումն են անցնում հենց Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում: 



© NEWS.am Medicine