2015 թվականի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի Հեպատիտ Բ-ին նվիրված միջազգային համաժողով

19:24   2 սեպտեմբերի, 2014

2015  թվականի հոկտեմբերի սկզբին Հայաստանում նախատեսվում է անցկացնել  Հեպատիտ Բ-ին նվիրված միջազգային համաժողով: Այս մասին այսօր, սեպտեմբերի 2–ին, ՀՀ Առողջապահության նախարարի մոտ հանդիպման ժամանակ հայտնել է «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, լյարդաբանական ասոցիացիայի նախագահ  Հասմիկ Ղազինյանը։ Հիշեցնենք, որ նախարարի հյուրն էր այսօր ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիայի եւ լյարդաբանության բաժնի ղեկավար, լյարդի փոխպատվաստման ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ռոբերտ Գիշը, որն իրաջակցությունն է առաջարկել է Հայաստանին վիրուսային հեպատիտների   կանխարգելման, հետազոտման եւ բուժման իրավիճակի քարտեզագրման  գործում։

Հ .Ղազինյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Գիշին լյարդաբանության ոլորտում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:

«Ռոբերտ Գիշի շնորհիվ մեր երկիրը միջազգային երկու ուղեցույցների ստեղծման աշխատանքային խմբի անդամ է»,- նշել է Հասմիկ Ղազինյանը:

Վիրուսային հեպատիտները վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք առաջանում են լյարդի բջիջներն ախտահարող վիրուսներից: Այսօր հայտնի է հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող 8 վիրուս, որոնցից ուսումնասիրված է 6-ը` Ա., Բ, Ց, Դ, Ե, Ջ: ՀՀ-ում վերջին 20 տարվա ընթացքում հեպատիտ Ա-ի հիվանդացությունը նվազել է ավելի քան 30 անգամ:Վիրուսային Բ, Ց, Դ, Ջ հեպատիտները պարէնտերալ հեպատիտների շարքին են դասվում: Ներկայումս վիրուսային հեպատիտ Բ եւ Ց-ն համարվում են  նաեւ սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ: Երկրագնդի բնակչության 1/3-ն իր կյանքի ընթացքում հանդիպում է հեպատիտ Բ-ի վիրուսին, իսկ  մոտ 400 միլիոն մարդ այդ վիրուսի քրոնիկ՝ ցմահ վարակակակիր է: Քրոնիկ հեպատիտ Բ-ի եւ, վարակման դեպքում, վիրուսակրության առաջացման վտանգն առավել մեծ է մանկական տարիքում: Մեր երկրում հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների շնորհիվ (Պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկվել է  1999 թվականից)  հիվանդացությունը նվազել է մի քանի անգամ: Վերջին տարիներին մինչեւ 14 երեխաների շրջանում սուր հեպատիտ Բ-ի դեպքեր գրեթե չեն գրանցվել:



© NEWS.am Medicine