Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված բրիտանացին դուրս է գրվել հիվանդանոցից

16:56   3 սեպտեմբերի, 2014

Էբոլա տենդի բուժման տասնօրյա կուրսը հաջողությամբ ավարտած Վիլյամ Փուլին օգոստոսի 3-ին դուրս է գրվել լոնդոնյան հիվանդանոցից, բուժհաստատության ներկայացուցիչների հայտարարությունը վկայակոչելով՝ հաղորդում է Reuters գործակալությունը:

Մահացու տենդով վարակված բրիտանացին օգոստոսի 24-ին Սիերա-Լեոնեից՝ հատուկ սարքավորումներով զինված Boeing C-17 ինքնաթիռով շտապ Լոնդոն՝ Ռոյալ Ֆրի Համսթեդ հիվանդանոց էր տեղափոխվել, որտեղ նրան, անվտանգության խիստ կանոնակարգով ապահովված մեկուսարանում, ZMapp փորձարարական դեղամիջոցի օգնությամբ բուժման հատուկ կուրս էր նշանակվել: Այդուհանդերձ, հիվանդի վիճակն ի սկզբանե ծանր չի գնահատվել:

ԱՀԿ-ի տվյալներով, ներկայումս Էբոլա մահացու վիրուսով վարակման դեպքերի թիվը առնվազն 3 հազար է կազմում, որոնցից 1552-ը՝ մահվան ելքով: Կազմակերպությունը ներկայացնող փորձագետները մտահոգություն են հայտնել, որ առաջիկայում վարակվածների թիվը կարող է 20 հազարի նշաձողը հատել: Վարակման դեպքեր առայժմ միայն Լիբերիայում, Սիերա-Լեոնեում, Նիգերիայում, Գվինեայում, Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունում եւ Սենեգալում են արձանագրվել:

Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ որեւէ բուժամիջոց կամ արդյունավետ պատվաստանյութ մինչ համաճարակի մեկնարկը չէր գործում: Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ Կանադայում գործող մի շարք դեղագործական ընկերություններ հիվանդության բռնկման ընթացքում հեռանկարային դեղամիջոցների մշակման մասին հայտարարություններով են հանդես եկել: ԱՀԿ-ն տվյալ պարագայում փորձարարական դեղամիջոցների կիրառությունը էթիկայի նորմերին համապատասխան է գնահատել:



© NEWS.am Medicine