Պարտադիր հետազոտություններ պոլիկլինիկայո՞ւմ. կանխարգելումը խթանող գաղափարը դեռ քննարկման փուլում է

21:57   3 սեպտեմբերի, 2014

Տարին մեկ անգամ պարտադիր կանխարգելիչ այցը պոլիկլինիկա կօգնի ավելի առողջ պահել մարդկանց եւ բեռնաթափել հիվանդանոցները։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հաղորդել է ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։

«Պարտադիր» բառն, ի դեպ, վերաբերվում է ոչ թե պացիենտներին, այլ, ինչպես նշել է Ծաղիկ Վարդանյանը, բուժանձնակազմին։ Այսինքն, պոլիկլինիկաների աշխատակիցները պարտավորվելու են առնվազն տարին մեկ անգամ տեսնել, խորհրդատվություն տրամադրել եւ կանխարգելիչ հետազոտություններ իրականացնել բոլոր այն մարդկանց համար, ովքեր հաշվառված են իրենց մոտ։

Այս ամենի հիմնական նպատակն է մարդկանց ավելի առողջ դարձնել, կանխարգելել հիվանդությունների զարգացումը եւ բեռնաթափել հիվանդանոցները։ Ինչպե՞ս։ Եթե պացիենտը տարին մեկ հետազոտվի, գրեթե ցանկացած հիվանդություն նրա մոտ շատ ավելի վաղ կհայտնաբերվի, ինչը նկատելիորեն կհեշտացնի եւ կարագացնի նրա՝ բուժման եւ ապաքինման գործընթացը, եւ գուցե հիվանդանոց դիմելու հարկ արդեն չի լինի։

Հնարավոր է, որ այս մոտեցման շնորհիվ կփոխվի թե մարդկանց մտածելակերպը, թե բժշկության ուղղվածությունը երկրում, եւ բուժմանը կփոխարինի կանխարգելումը։

Ծաղիկ Վարդանյանի խոսքով, այս ամենը դեռ ընդամենը գաղափար է, եւ մինչեւ այն իրականացնելը դեռ պետք է որոշել դրա ձեւաչափը, լուծել ֆինանսավորման հարցը եւ մի շարք այլ խնդիրներ։ Այս պահին այս գաղափարը քննարկման փուլում է գտնվում, եւ մոտ ժամանակներս մենք հավանաբար նորից կանդրադառնանք այս հարցին։

 



© NEWS.am Medicine