Մոր ճիշտ արձագանքը՝ փոքրիկի լացին, վերջինիս էմոցիոնալ առողջությանն է նպաստում

15:40   12 սեպտեմբերի, 2014

Փոքրիկի լացի նկատմամբ մոր կողմից դրսեւորվող ճիշտ արձագանքը երեխայի առողջ զարգացման կարեւորագույն բաղադրիչներից մեկն է հանդիսանում: Ընդ որում, գործընթացի որակի վրա կարող են անգամ մոր մանկական հիշողությունները անդրադառնալ: ԱՄՆ Գրինսբորո քաղաքում գործող Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամների նախաձեռնությամբ իրականացված՝ մոր եւ լացող երեխայի միջեւ ի հայտ եկող նուրբ փոխհարաբերությունների բացահայտմանը միտված հետազոտության արդյունքները Child Development ամսագրում են հրապարակվել:  

«Լացող երեխայի նկատմամբ ճիշտ արձագանքի դրսեւորումը չափազանց կարեւոր խնդիր է մոր համար: Բազմաթիվ դեպքերում կանայք օգնության կարիք են զգում՝ սեփական սթրեսը հաղթահարելու եւ երեխայի լացի պատճառը ճիշտ մեկնաբանելու համար», - նշել է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Էսթեր Լիրկեսը:

Հետազոտության հեղինակները առաջին անգամ մայր դարձած՝ տարբեր ռասայական եւ սոցիալ-տնտեսական խմբեր ներկացնող 259 կանանց լացող երեխաների պատկերմամբ 4 տեսակյութերի դիտում են առաջարկել: Փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ անկախ խմբային պատկանելությունից, դեպրեսիայով տառապող կամ սեփական զգացմունքների վերահսկման հետ կապված խնդիրներ ունեցող կանայք լացող երեխայի նկատմամբ անցանկալի արձագանք են դրսեւորում: Մասնավորապես, մանկական տարիքի հետ կապված ծանր հիշողություններ ունեցող մայրը, երեխայի լացի պատճառը պարզելու փոխարեն, փորձում է սեփական անձի վրա կենտրոնանալ: Այդպիսի կանանց սթրեսի մակարդակը, սրտի աշխատանքի եւ քրտնարտադրության ծավալի դիտարկմամբ, մյուս մասնակիցներից անհամեմատ բարձր է գնահատվել: Բացի այդ, նրանք այն համոզմունքն են ունեցել, թե տեսանյութերում պատկերվող 4 երեխաներն էլ կաթի պահանջ ունեն եւ իրենց ուզածին հասնելու համար են լաց լինում, հաղորդում է Medical Daily-ն:

Եւս մեկ՝ 300 մայրերի շրջանում իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ երբեւէ նյարդային բնույթի խախտումներ ունեցած կանայք առավել երկար ժամանակով են լացող երեխային անուշադրության մատնում: Բացի այդ էլ, ապացուցվել է, որ հղիության ընթացքում մոր օրգանիզմում արտազատված սթրեսի հորմոնների բարձր մակարդակը կարող է երեխայի չափազանց երկար լացի պատճառ դառնալ: Գիտնականների համոզմամբ, դրանք ընկերքի տարածք մուտքի գործելու եւ պտղի ուղեղի զարգացմանը միջամտելու ներուժ են դրսեւորում:



© NEWS.am Medicine