Ինչպե՞ս խուսափել ցավազրկողներից

13:45   14 սեպտեմբերի, 2014

Մարդիկ հաճախ են ցավազրկողների օգնությանը դիմում, որոնք, սակայն, բազմաթիվ դեպքերում անցանկալի կողմնակի ազդեցություններ, այդ թվում նաեւ՝ կախվածություն կարող են առաջացնել: Քլիվլենդի կլինիկայի բուժանձնակազմի անդամ, ցավի կառավարման մասնագետ դոկտոր Վիլյամ Վելշն իր հիվանդներին փորձում է հետ պահել ցավազրկողներ օգտագործելու մտքից եւ ցավը մեղմելու այլընտրանքային միջոցներ առաջարկել: Խոսքը, մասնավորապես, օստեոպատիկ մանիպուլյացիոն (մանուալ) թերապիային է վերաբերում, որի պարագայում բժիշկը, հիվանդի մարմնին անհրաժեշտ ուղղումները հաղորդելու համար, ձեռքերի օգնությամբ մանիպուլյացիա իրականացնելու եւ, մասնավորապես՝ մեջքի, պարանոցի, ուսերի, ծնկների, կրծքավանդակի եւ այլ տեղակայմամբ դրսեւորվող ցավը մեղմելու հրաշալի հնարավորություն է ստանում: Երկրորդ տարբերակը ասեղնաբուժությունն է, որը, նյարդերի խթանման եւ ցավի կառավարման նպատակով, չափազանց բարակ ասեղների օգնությամբ մարմնի թիրախային հատվածների նկատմամբ ռազմավարական ներգործություն է ենթադրում:

Մանուալ թերապիայի մասնագետները, որպես կանոն, հիվանդին ամբողջական բուժում առաջարկելու մոտեցմամբ են առաջնորդվում: Նրանք փորձում են միանգամից ողջ մարմինը բուժել, եւ ոչ՝ մեկ հատված, ուստի հաճախ հիվանդներին զուգահեռաբար սննդակարգի փոփոխություն եւ որոշակի ֆիզիկական վարժություններ են առաջարկում: Ընդ որում, նրանց համոզմամբ, միայն վերոհիշյալ միջոցառումների արդյունքում կարելի է, առանց դեղամիջոցների օգնության, ցավի արդյունավետ կառավարման հասնել:

Խոսքը, մասնավորապես, հակաբորբոքային դիետային է վերաբերում: Ըստ էության, այն էապես տարբերվում է տիպիկ ամերիկյան սննդակարգից, քանի որ 80-90 տոկոսի չափով բանջարեղենային բաղադրություն է ենթադրում: Այստեղ մեծ է ուշադրությունը նաեւ ձկնատեսակների, մասամբ էլ՝ մրգերի նկատմամբ, իսկ ահա կաթնամթերքի, հացահատիկային սննդամթերքի, կարմիր մսի եւ շաքարի բաղադրությունը հակաբորբոքային սննդակարգում նվազագույնի է հասցված: 

Իրականում դիետայի հիշյալ տարբերակին այնքան էլ հեշտ չէ հետեւել, բայց եւ դրա օգնությամբ կարելի է, ցավի կառավարման տեսանկյունից, հրաշալի արդյունքների հասնել: Բացի այդ էլ, հիվանդների մոտ, ընդամենը երկու շաբաթ անց, արյան ճնշման, ինչպես նաեւ խոլեստերինի եւ շաքարի մակարդակների շոշափելի դրական տեղաշարժ է նկատվում: Եվ այդ ամենը՝ առանց որեւէ կողմնակի ազդեցության:



© NEWS.am Medicine