Տղամարդկանց համար նախատեսված հակաբեղմնավորիչնե՞ր են շուկա հանվելու

16:55   12 սեպտեմբերի, 2014

Տղամարդկանց համար մշակված՝ Vasalgel անվամբ հայտնի ներարկումային հակաբեղմնավորիչը փորձարկումների խոստումնալից փուլ է անցնում եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկա երեք տարիների ընթացքում շուկա կհանվի: Արտադրողների հավաստիացմամբ, նորահայտ դեղամիջոցը ցածր գնով եւ երկարաժամկետ, բայց եւ կանխարգելելի ազդեցությամբ է բնորոշվելու: 

Vasalgel-ն իրենից սերմնազատող հոսքերի մեջ ներարկման ենթակա պոլիմերիզացված հիդրոգել է ներկայացնում: Այն հիշյալ հոսքերով սպերմատոզոիդների տեղաշարժն արգելափակելու հնարավորություն է ընձեռում: The Daily Mail-ի հաղորդմամբ, հակաբեղմնավորիչի մշակման գաղափարի հեղինակը համարվող Parsemus Foundation ընկերությունը, որ ցածր ինքնարժեքով դեղամիջոցների մշակմամբ է զբաղվում, գելի ազդեցությունը վազէկտոմիայի հետ է համեմատել:

Բաբուինների նկատմամբ փորձարկումների ընթացքում Vasalgel-ը երեք արու կենդանիների է ներարկվել: Այնուհետեւ վերջիններիս 10-15 էգերի հետ 6 ամիս շփման մեջ մտնելու հնարավորություն է տրվել, ինչի արդյունքում հղիության որեւէ դեպք չի արձանագրվել: Ակնկալվում է, որ գելի ներգործություն մանրամասն տեղեկությունները ընթացիկ տարվա վերջին ամիսներին են հրապարակվելու: Դրական արդյունքների պարագայում գիտնականները հնարավորություն կունենան հաջորդ տարի կայանալիք՝ մարդկանց նկատմամբ փորձարկումներին նախապատրաստվել:

Հարկ է նշել, որ Vasalgel-ը նաեւ իր անտիդոտն ունի, որը, ներարկման դեպքում, վերը նկարագրված արգելափակիչ ներգործությունը չեզոքացնելու հնարավորություն է ընձեռում:

Vasalgel-ը, ըստ էության, տղամարդկանց համար մշակված՝ կրկին փորձարկման փուլում գտնվող եւս մեկ՝ RISUG անվամբ հայտնի հակաբեղմնավորիչի ներգործության մեխանիզմն է կրկնօրինակում: Վերջինս իր ազդեցությունը 10 տարի պահպանելու հատկություն ունի: Թե որքան կարող է Vasalgel-ը տղամարդու «անպտղությունը» պահպանել՝ փորձարկումները ցույց կտան:



© NEWS.am Medicine