Արեւոտ եղանակին կանայք առավել հազվադեպ են ինքնասպանություն գործում

16:28   13 սեպտեմբերի, 2014

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում գրանցվող ինքնասպանությունների թիվը եղանակային պայմաններից է կախված: Այս եզրահանգմամբ, Ավստրիայի՝ 1970-2011թթ.-ին ինքնասպանություն գործած 70 հազար բնակչուհիների վերաբերյալ տվյալներն ուսումնասիրելուց հետո, ամերիկացի գիտնականներն են հանդես եկել: Հետազոտության արդյունքները, Reuters գործակալության հաղորդմամբ, JAMA Psychiatry ամսագրում են հրապարակում գտել:

Մասնավորապես, պարզվել է, որ պայծառ եղանակին կանայք առավել հազվադեպ են ինքնասպանություն գործում: Ընդ որում, հիշյալ օրինաչափությունը բոլոր տարիքի կանանց մոտ է նկատելի: Իսկ մի քանի օր անընդմեջ արեւոտ եղանակի պարագայում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ ինքնասպանությունների թվի առավել շոշափելի կրճատում է նկատվում: 

«Ջերմությունն ու բնական լույսը դրական լիցքեր հաղորդելու եւ տհաճ մտքերը ցրելու հատկություն ունեն: Հնարավոր է, որ երեւույթը նաեւ օրգանիզմում D վիտամինի արտադրության հետ է կապված, չնայած այդ մասին համոզմունքով խոսել դեռեւս չենք կարող», - նշել են հետազոտության մասնակիցները:

Իսկ ահա տղամարդկանց պարագայում հոգեկան վիճակի՝ եղանակային պայմանների նկատմամբ զգայունության առավել թույլ մակարդակ է նկատվում: Կյանքի հետ հաշիվները մաքրելու մասին որոշում ընդունելուց հետո ուժեղ սեռի ներկայացուցիչները, առանց որեւէ հետաձգումների, նախանշված նպատակին են հետեւում:



© NEWS.am Medicine