Hallux valgus. ոտնաթաթի առաջին մատի վալգուսային դեֆորմացիա, առաջացման պատճառներ եւ բուժում

22:59   13 սեպտեմբերի, 2014

Hallux valgus-ը՝ ոտնաթաթի առաջին մատի վալգուսային դեֆորմացիան, երբ հիմնային ոսկորը տեղաշարժվում է եւ դուրս ցցված տեսք ընդունում, բազմաթիվ կանանց մոտ կարող է ի հայտ գալ:.

New York Times-ի հաղորդմամբ, Hallux valgus-ի առաջացումը մի քանի պատճառներով է պայմանավորվում. որոշ կանայք ժառանգաբար են «հավելյալ ոսկրի» առաջացման նկատմամբ հակում դրսեւորող ոտնաթաթ ստանում, մեկ այլ դեպքում էլ երեւույթի պատճառը կարող է լավ չնստող կոշիկը կամ հավելյալ քաշը լինել, թեեւ երկար ոտքի վրա մնալու կամ քայլելու արդյունքում էլ կարող է Hallux valgus առաջանալ:

Բոստոնի կանացի հիվանդանոցի բուժանձնակազմի անդամ դոկտոր Ջեյմս Յոլիի համոզմամբ, Hallux valgus-ի առաջացումը կանխելու համար նախ եւ առաջ հարկավոր է ճիշտ չափեր ունեցող կոշիկ կրել: Ընդ որում, այն պետք է նաեւ ոտքի մատերի հատվածքում չափազանց նեղ չլինի: Ի միջի այլոց, ճիշտ չափսի կոշիկ ընտրելն այնքան էլ հեշտ գործ չէ. չի կարելի մոռանալ, որ ոտնաթաթը ժամանակի ընթացքում չափերը փոխելու, օրինակ՝ հղիությունից հետո մեծանալու հատկություն ունի: 

Բարձր կրունկները, փորձագետի համոզմամբ, եւս կարող են ոտնաթաթի առաջին մատի դեֆորմացիայի պատճառ դառնալ, քանի որ դրանց ազդեցությամբ ոտնաթաթի մեխանիկան փոխվելու եւ մարմնի քաշի անհամաչափ բաշխում խթանելու միտում է դրսեւորում:

Իսկ կարելի՞ է արդյոք «ավելորդ» ոսկրից ազատվել

Ցավոք, խոսքը միայն վիրաբուժական մեթոդների մասին կարող է գնալ, հավաստիացնում է դոկտոր Յոլին: Սակայն մի շարք կենցաղային մեթոդների կիրառմամբ հնարավոր է Hallux valgus-ի հրահրմամբ ի հայտ եկող ցավի եւ անհարմարավետության զգացման նվազեցման հասնել: Օրինակ՝ կանայք կարող են ավելի հարմար կոշիկ կրել եւ նույնիսկ մի փոքր լայնացնել այն՝ մատերի հիմքի հատվածում: Որոշ դեպքերում մերսումը եւ հակաբորբոքային դեղամիջոցները եւս կարող են դրական արդյունքի հանգեցնել:

Սակայն եթե հարմար կոշիկն ու մերսումը չեն օգնում, վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն կարող է առաջանալ: Հասկանալու համար, թե արդյոք բանը դրան է հասել, դոկտոր Յոլին առաջարկում է ցավի զգացումը 10 բալանոց սանդղակով գնահալու փորձ կատարել: Եթե ցավ չեք զգում, ուրեմն՝ վիրահատության կարիք ընդհանրապես չկա, քանի որ նմանատիպ միջամտությունը բավականին բարդ է անցնում եւ կարող է ապաքինման համար երկար ժամանակ պահանջել: Եթե ցավն ուժեղ չէ՝ մինչեւ 3 կամ 4 բալ, կարող եք առաջիկա մեկ տարվա ընթացքում պահպանողական բուժմամբ եւ մերսումներով բավարարվել: Սակայն ուժեղ ցավի առկայության պարագայում (7 բալ եւ ավելի) վիրահատությունն անխուսափելի կարող է լինել:

Մասնագետի ներկայացմամբ, Hallux valgus-ի խնդրի լուծմանը միտված տարբեր վիրաբուժական մեթոդներ գոյություն ունեն, եւ յուրաքանչյուր դեպք անհատական մոտեցում է պահանջում:



© NEWS.am Medicine