Էբոլան կարող է, մուտացիայի ենթարկվելով, օդակաթիլային ճանապարհով փոխանցելի դառնալ

14:11   15 սեպտեմբերի, 2014

Էբոլայի՝ Աֆրիկայում բռնկված ներկայիս համաճարակը կարող է ողջ աշխարհի համար սպառնալիք ներկայացնել, քանի որ տեսականորեն վիրուսի՝ մուտացիայի ենթարկվելու եւ օդակաթիլային ճանապարհով փոխանցելի դառնալու հնարավորությունը չի բացառվում:

Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում մոլեգնող համաճարակը ամենասարսափելին է՝ 1976թ.-ից ի վեր, երբ Էբոլայի մասին առաջին անգամ խոսվեց: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամիսը մեկ շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը կարող է հազարներ կազմել: Ընդ որում, ակնկալվում է, որ Էբոլայից տուժած երկրների թիվը կարող է 15-ի հասնել, ինչը շուրջ 22 մլն մարդկանց առողջության համար լուրջ սպառնալիք է ներկայացնում:

Ինչ վերաբերում է վիրուսի՝ մուտացիայի ենթարկվելու հեռանկարներին, հստակ կանխատեսումներ արվել չեն կարող, քանի որ Էբոլայի գենետիկայի մասին շատ քիչ բան է հայտնի: Առայժմ այն ընդունակ է միայն վարակված մարդու օրգանիզմից արտանետված հեղուկ զանգվածների միջոցով տարածվել: Իսկ թե ինչպիսի փոփոխություններ են հարկավոր, որպեսզի այն նաեւ օդակաթիլային ճանապարհով տարածվելու հնարավորություն ստանա՝ դժվար է ասել: Ընդ որում, The Daily Mail-ի հաղորդմամբ, բացառված չէ, որ ի սկզբանե ընթացիկ տարվա փետրվար ամսին՝ Գնինեայում ի հայտ եկած Էբոլայի գենոմը նշանակալիորեն տարբերվում է ներկայումս Նիգերիայում, Կոնգոյում եւ Կամերունում տարածվող վիրուսից: 

Ի դեպ, 2012թ.-ին կանադացի գիտնականները պարզել են, որ Էբոլան խոզերի եւ կապիկների շնչառական համակարգի միջոցով փոխանցվելու հատկություն ունի: Իսկ հիշյալ կենդանիներն ու մարդիկ գրեթե նույնպիսի թոքեր ունեն:

Վիրոսի ազդեցությամբ հրահրվող հեմոռագիկ տենդի ախտանշանները վարակման պահից հետո՝ 21 օրվա ընթացքում են ի հայտ գալիս: Բոլոր վարակվածներին բացահայտելու եւ մեկուսացնելու խնդիրն առանց այդ էլ հեշտ չէ, իսկ վիրուսի՝ օդակաթիլային ճանապարհով փոխանցման պարագայում հավելյալ բարդություններ կարող է առաջացնել:

 



© NEWS.am Medicine