Մարդու ուղեղը Ալցհեյմերի հիվանդությանը դիմակայելու ներո՞ւժ ունի

16:58   16 սեպտեմբերի, 2014

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդու ուղեղը, ի պատասխան Ալցհեյմերի հիվանդությամբ հրահրված վաղ փոփոխությունների, փոխհատուցման մեխանիզմ միացնելու հատկություն ունի: Խոսքը, մասնավորապես, մտածողության գործառույթի պահպանման համար անհրաժեշտ հավելյալ ռեսուրսների ներգրավմանն է վերաբերում: Սակայն բոլոր մարդկանց մոտ չէ, որ գործընթացը հաջող է անցնում:

BBC-ի հաղորդմամբ, Քալիֆորնիայի համալսարանը ներկայացնող մի խումբ մասնագետներ ուղեղի հետազոտություն են նախաձեռնել արտաքնապես որեւէ մտավոր թերություն չունեցող 71 մարդկանց շրջանում: Հավաքագրված տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ մասնակիցներից 16-ի ուղեղում ամիլոիդ կուտակումներ՝ Ալցհեյմերի հիվանդության նշաններ են նկատվում: Ընդ որում, հետազոտության ընթացքում կամավորներին մի շարք պատկերներ են ցուցադրել՝ խնդրելով, որ հիշեն դրանք: Ու թեեւ առաջարկվող թեստը բոլոր մասնակիցները հաջողությամբ են անցել, ամիլոիդ կուտակումներ ունեցող մարդկանց մոտ պատկերները հիշելիս ուղեղի աշխատանքի՝ առավել բարձր ակտիվություն է նկատվել: Այսինքն՝ հանձնարարությունն իրականացնելու համար նրանք առավել մեծ ծավալով ռեսուրսների կիրառման անհրաժեշտություն են ունեցել, ինչն էլ հենց, հետազոտության հեղինակների մեկնաբանմամբ, ադապտային մեխանիզմի առկայության վկայությունն է:

Դեռեւս պարզ չէ, թե ուղեղի՝ ստացված վնասների փոխհատուցմամբ աշխատունակության պահպանումը որքան կարող է տեւել: Բացի այդ, գիտնականները դեռեւս պետք է պարզեն, թե ինչու է ոչ բոլոր՝ ամիլոիդ սպիտակուցի կուտակումներ ունեցող մարդկանց հաջողվում, ուղեղի առանձին հատվածների առավել արդյունավետ կիրառման հաշվին, վնասների փոխհատուցման հասնել: Բացառված չէ, որ հիշյալ մեխանիզմը ողջ կյանքի ընթացքում մտավոր աշխատանքով զբաղված մարդկանց մոտ է առավել արդյունավետ ստացվում:



© NEWS.am Medicine